Միքայել Սրբազանին կրկին վիրահատել են
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են։ Այս մասին հայտնում է «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը։
Ինչպես հայտնի է, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն առաջին անգամ վիրահատվել էր 2025-ի դեկտեմբերի 26-ին։
«Այս անգամ վիրահատությունը ուրալոգիական բնույթի է եղել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, նոր ենք վերջացրել։ Ամեն ինչ լավ է»,-ասել է Չարչյանը։
Նրա խոսքով` Միքայել Սրբազանին առնվազն 2 շաբաթ վերականգնողական բուժում է հարկավոր։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28-ին։
Հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք ներկայացրին առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ` խնդրելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։
Վերաքննիչ դատարանը փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։


