հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՄԻՊ-ը ծանոթացել է «Փրկություն» ՀԿ-ի շահառուների առօրյային և իրավունքների իրացման խնդիրներին

ՄԻՊ-ը ծանոթացել է «Փրկություն» ՀԿ-ի շահառուների առօրյային և իրավունքների իրացման խնդիրներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 24-ին այց է իրականացրել «Փրկություն» հասարակական կազմակերպություն, որտեղ ծառայություններ են ստանում  հաշմանդամություն ունեցող անձինք: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

 Նպատակն էր տեղում ծանոթանալ կենտրոնի շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի խնդիրներին:

 Անահիտ Մանասյանը կազմակերպության նախագահ  Արփինե Աբրահամյանի  ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, ուսումնասիրել՝ կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ ճաշարանը, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել՝ ծառայություններ ստացող անձանց առօրյային, զարգացման ծրագրերին։

 Պաշտպանը ծանոթացել է նաև կենտրոնի անձնակազմի աշխատանքային պայմաններին։

 Կենտրոնի սաները Պաշտպանին անակնկալ են մատուցել. նրանք հանդես են եկել պարային ծրագրով: Անահիտ Մանասյանը շահառուներին հանձնել է հուշանվերներ։ 

Այցի ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն. Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` առկա խնդիրները լուծելու նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից համայնքահեն ծառայությունների տրամադրման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: