ՄԻՊ-ից արդարացան՝ որևէ դիմում-բողոք չեն ստացել, բայց աշխատանքներ իրականացրել են. Սամսոնյանի հարցով լիազորված խումբն այցելեց գրասենյակ
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը հանդիպման դուրս եկավ Նարեկ Սամսոնյանի առողջական խնդիրներով մտահոգ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ։ Նա նշեց, որ պատրաստ են երեք լիազորված անձի հետ ներս անցնել և մանրամասն քննարկել անելիքները։
AntiFake.am-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը նշեց, որ կարող են ներկայացնել բոլոր մանրամասները, որպեսզի ՄԻՊ-ում տեղյակ լինեն, թե ինչ ապօրինություններ են տեղի ունենում Նարեկ Սամսոնյանի նկատմամբ և ինչ հրատապություն ունի հարցը։
ՄԻՊ խորհրդական և խոսնակ Արթուր Ասլանյանը լրագրողներին ասաց, որ թեև ՄԻՊ աշխատակազմը որևէ դիմում-բողոք չի ստացել, այդուհանդերձ, ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է աշխատանքներ։
Հացին՝ եթե որևէ այց չի եղել, ապա ինչպե՞ս են իրականացվել այդ աշխատանքները՝ Ասլանյանը պատասխանեց, որ լիազորված խումբը կարող է ներս մտնել, և աշխատանքները կներկայացնեն այն անձինք, ովքեր դրանով զբաղվել են, ինչպես նաև կքննարկեն, թե ինչ կարելի է անել։
Աստղիկ Մաթևոսյանը նշեց՝ քանի որ հարցն ունի հրատապ բնույթ և յուրաքանչյուր ժամը կարող է դառնալ կյանքի խնդիր, իրենք կընդունեն ՄԻՊ-ի առաջարկը։


