ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան գյուղում բնակվող և չաշխատող կանայք

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան գյուղում բնակվող և չաշխատող կանայք

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական նպաստների մասին»  օրենքի փոփոխություններին, որը վերաբերում է երեխայի նպաստներին գյուղական բնակավայրերում:

Ինչպես նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, այս փոփոխության նպատակն է իրավական հիմքեր ստեղծել արդեն իսկ հայտարարված ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար:

Ըստ նրա, «Պետական նպաստների մասին»  օրենքում լրացումներ և փոխություններ կատարելու մասին» օրենքի համաձայն՝ ոչ միայն կրկնակի կավելանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, այլև նպաստի իրավունք կստանան գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված և փաստացի բնակվող, չաշխատող կանայք:

«Նպաստը կնշանակվի անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում: Սա նշանակում է, որ եթե համարվի վարձու աշխատող ու միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ, այսինքն` նպաստի չափը կկազմի 53 հազար դրամ»,- նշեց Զարուհի Բաթոյանը:

Խնամքի նպաստի իրավունք ունեն ՀՀ-ի բնակչության ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրում հաշվառված և փաստացի բնակվող ծնողը մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը:

Նախագծով առաջարկվում է բարելավել նաև վարձու աշխատողի խնամքի նպաստի իրացման պայմանները: Մասնավորապես, առաջարկվում է խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը 6 ամսից սահմանել 12 ամիս: Սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է ամբողջ ժամանակահատվածի համար: Նաեւ վերացվում է նպաստ նշանակելու համար ծնողի ՀՀ-ում գտնվելու պահանջը:

Պարզեցվում է նորածին երեխայի նպաստ տալու գործընթացը. նոր ծնված երեխայի դեպքում հանվել է օտար պետությունում երեխայի ծնված լինելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած լինելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պահանջը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով որոշմանը՝ նշեց, որ այսպիսով, գյուղական բնակավայրերում խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող ծնողները, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի:

«Այսինքն` քաղաքում ապրող և չաշխատող ծնողները չեն ստանա նպաստ, քաղաքում ապրող ու աշխատող ծնողները կստանան 26 500 դրամ նպաստ: Իսկ գյուղական բնակավայրերում ապրող չաշխատող ծնողները կստանան 26 500 դրամ, իսկ աշխատողները՝ 53 հազար դրամ նպաստ»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: