Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին անցած տարի մեծաթիվ հաղթանակների և մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ ընդգծելով. «Ձեր, մարզիկների ու մարզիչների տքնաջան աշխատանքի, ինչպես նաև պետության որդեգրած քաղաքականության և սպորտին տրվող աջակցության արդյունքն է, որ 2022 թվականին կայացած տարբեր առաջնություններում մեր երկրի նվաճումների տեսանկյունից ռեկորդային 307 մեդալ ենք նվաճել, որոնցից 104-ը՝ ոսկի, 70-ը՝ արծաթ, 33-ը՝ բրոնզ: Լիահույս ենք՝ հաջորդ տարիներին կունենանք էլ ավելի մեծ արդյունքներ»:

Նախարարի խոսքով՝ շարունակական քաղաքականություն է վարվում սպորտի ոլորտին տրվող պետական հատկացումների մեծացման ուղղությամբ: Անցած 2022 թ. մարզական 33 ֆեդերացիաներին տրամադրվող գումարի ծավալը կտրուկ ավելացվել է՝ կազմելով 1,4 մլրդ դրամ, կրկնապատկվել են որոշ առաջնությունների գծով մարզիկներին ու մարզիչներին տրամադրվող գումարները: Ժաննա Անդրեասյանը նշել է նաև սպորտային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների, անվանական մարզադպրոցների կառուցման մասին, ինչը ևս լինելու է շարունակական աշխատանք՝ նպատակ ունենալով խրախուսել նոր նվաճումների գրանցումը: