Միջազգային գնահատման արդյունքներով` ՀՀ դպրոցների 4-րդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը. նախարար
2024-2025 ուսումնական տարում միջազգային գնահատման արդյունքներով (TIMSS)՝ Հայաստանի հանրակրթական դպրոցների 4-րդ դասարանցիները մաթեմատիկայի իմացության մակարդակի էական աճ են գրանցել՝ հավաքելով 513 միավոր, որի շնորհիվ Հայաստանը հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների շարքում։ Այս մասին այսօր 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշեց, որ առաջին անգամ է, որ դպրոցականները միջազգային գնահատմամբ հաղթահարում են մաթեմատիկայի իմացության 500 միավորի շեմը։
«Այդ իմաստով սա լավ նորություն է, որովհետև բնագիտական առարկաները սովորելու պարագայում շատ կարևոր է մաթեմատիկայի հիմքային իմացությունը։ Բնագիտության ուղղությամբ աճ չունենք, բայց կարևոր եմ համարում, որ այս բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թիվն է կրճատվել։ Այժմ դպրոցականների 82 տոկոսը նվազագույն շեմը հաղթահարում է, իսկ 42 տոկոսը՝ միջին շեմը, ինչը լավ արդյունք է: Դա ցույց է տալիս, որ միջինում մեր երեխաները սկսել են ավելի հեշտ հաղթահարել նվազագույն գիտելիքի ծավալները»,-ասաց նախարարը: