ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միգուցե իմ բախտը չի բերում, բայց 150-160 դրամով դիմակ ոչ Կենտրոնում, ոչ էլ Արաբկիրում չեմ տեսել. Զոհրաբյան

Միգուցե իմ բախտը չի բերում, բայց 150-160 դրամով դիմակ ոչ Կենտրոնում, ոչ էլ Արաբկիրում չեմ տեսել. Զոհրաբյան

«Այսօր սա այն կարևորագույն սոցիալական խնդիրն է, որ ձեր աշխատանքը մի քիչ ավելի օպերատիվ պետք է լինի, քանի որ այսօր առնվազն 12 դեղատուն եմ մտել և, անկեղծ ասած, միգուցե իմ բախտը չի բերում, ես չգիտեմ, բայց 150-160 դրամով դիմակ ոչ Կենտրոնում, ոչ էլ Արաբկիր համայնքում ես չեմ տեսել»,- այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանն ասել էր, թե Երևանում դիմակները վաճառվում են 100-150 դրամով, իսկ մարզերում՝ ավելի բարձր գներով։

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դիմակների գինը 210-220, նույնիսկ 230 դրամ է:

«Եթե մենք հաշվում ենք, որ մեկ ընտանիքում կա նվազագույնը չորս անձ և նրանք օրվա մեջ առնվազն երկու անգամ պետք է փոխեն դիմակը, այլապես եթե ճմրթած, կեղտոտ դիմակը պարբերաբար կրեն, այն դառնալու է առողջության համար խիստ վտանգավոր, ապա ամսական ընտանիքի յուրաքանչյուր անդամ վճարելու է 20 հազար դրամ։ Գումարեք, միջինը չորս հոգու, հիմա այդ վիճակագրությունը ձեզ չպիտի՞ ստիպի մի քիչ ավելի օպերատիվ լինել ձեր քայլերում, ձեր գործողություններում: Չգիտե՞ք՝ ովքեր են դիմակներ ներկրողները, 20 դրամով էլ էին գերշահույթ ստանում, հիմա 220 դրամով էլ են ստանում, արդեն սուպեր, սուպեր, սուպեր գերշահույթ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ 150 դրամը մեծածախ դիմակների գինն է, իսկ ՀՀ-ում դիմակը վաճառվում է 220 դրամով։

«Որ ասում եք՝ օպերատիվ աշխատանք կատարեք, ո՞ր լիազորությունը չենք արել: Եթե օպերատիվ աշխատանք ենթադրվում է, որ ես պետք է զանգեմ ներմուծողներին, ասեմ՝ դիմակի գինը իջացրեք 60 դրամ, թե չէ պատասխանատվության կենթարկեմ, դա կարող է լինել, բայց կարող է որակվել որպես իմ պաշտոնական լիազորությունների սահմանազանցում, վաղը ինձ կանչեն, ասեն՝ ինչո՞ւ ես միջամտում տնտեսական գործունեությանը ոչ իրավական ճանապարհով: Մենք իրենց հետ խոսել ենք, հավաքել ենք, իրավական ճանապարհը ցույց ենք տվել, զգուշացում տվել ենք, ասել ենք, որ եթե մեկդ կորոնավիրուսի պայմաններում փորձի չարաշահել ունեցած դիրքը, ապա պատասխանատվությունը շատ ավելի խիստ կլինի: Պաշտոնապես զգուշուցմն ուղարկել ենք բոլոր տնտեսվարողներին։ Բայց եթե մենք կարողնանա մարդուն պատասխանատվության ենթարկել, առնվազն պետք է ժամանակ տանք, եթե նույնիսկ մարդը մեկ օրում գինը բարձրացնի, մենք որևէ բան չենք կարող անել։ Դա ամբողջ աշխարհի փորձն է»,- նշեց Գեղամ Գևորգյանը։

Նա միաժամանակ ասաց՝ կա խնդիր, և խնդրի լուծման համար հարուցվել է վարույթ:

  • Կիսվել: