Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկվել են Շիրակում իրականացվող ծրագրին առնչվող հարցեր
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը նախօրեին հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության և ԱՄՆ բյուրոյի ներկայացուցիչներ Դարին Յոդերնին և Ռոբին Փրիզին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ բյուրոյի ֆինանսական աջակցությամբ Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից Շիրակի մարզում իրականացվող ծրագրին առնչվող հարցեր, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելուն։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունելով հյուրերին՝ մարզպետի տեղակալը կարևորել է իրականացվող ծրագիրն ու նշել, որ գնահատելի է ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության կարիքներին միտված ցանկացած նախաձեռնություն, որը նպաստելու է իրենց ներկայիս բնակության համայնքների սոցիալական կայունությանը և տնտեսական բարեկեցությանը։
ԱՄՆ բյուրոյի ներկայացուցիչների հավաստմամբ ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ, ըստ որի կատարվելու են ուսումնասիրություններ կապված ԼՂ տեղահանված անձանց պահանջների և կարիքների, այդ թվում՝ աշխատուժի գնահատման հետ։ Իրականացվելու են կացարանների և տների վերանորոգում, ինչպես նաև ոչ պարենային ապրանքների բաշխում։ Աջակցելու են քաղաքաբնակ և գյուղաբնակ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ձեռներեցությանը, մասնագիտական ուսուցումների և վերապատրաստումների միջոցով նրանց ինտեգրելու են գործող աշխատաշուկայում։
Ծրագրի շրջանակներում Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Շիրակի մարզում արդեն իսկ ավարտել է ոչ պարենային ապրանքների բաշխումն ու մասնագիտական դասընթացները, վերանորագման աշխատանքներն ու դրամաշնորհների ընդունելությունները նոր են մեկնարկել։