ՄԻԱՎ-ի տարածվածության առումով Հայաստանը տարածաշրջանում բարվոք դիրքում է
Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կար գրանցված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 4579 դեպք: 2022 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ այդ թիվն ավելացել է 430-ով: Մեծամասամբ 70 տոկոս դեպքերում վարակը հայտնաբերվում է տղամարդկանց մոտ: Ինչ վերաբերվում է տարիքային խմբերին, ապա ամենաշատը դեպքերը հայտնաբերվում են 25-39 տարեկանների մոտ:
«Սպասվում է, որ այս ցուցանիշը կաճի՝ պայմանավորված միգրացիայի ակտիվությամբ: Չնայած ցուցանիշի աճին, կարող ենք ասել, որ տարածաշրջանում մենք բարվոք վիճակում ենք: Վարակի տարածվածությունը մեզ մոտ կազմում է 0.1 տոկոս»,- հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը:
ԱՀԿ-ի կողմից դրված է «95, 95, 95» նպատակ, որին պետք է հասնեն երկրները մինչև 2030 թվականը: Այն է, դեպքերի հայտնաբերման, բուժման, վիրուսի ճնշման ցուցանիշները լինեն 95 տոկոս: Նարինա Սարգսյանցը նկատեց, որ բոլոր ուղղություններով Հայաստանը զգալի աշխատանք ունի անելու, սակայն ամենաշատը հայտնաբերման ցուցանիշը բարելավելու կարիք կա: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները ուշացած են դիմում, և վարակն արդեն իր գործն արած է լինում:
«Այնինչ, այսօր բուժման ընթացքում այնպիսի դեղամիջոցներ են կիրառվում, որ հնարավոր է վիրուսը ճնշել: Դեղերն այնքան հզոր են, որ լինում է արյան մեջ չորոշվող մակարդակ: Ավելին ասեմ, եթե վիրուսը վաղ է հայտնաբերվում, նույնիսկ հղիների պարագայում ժամանակին բուժում ստանալը նպաստում է, որ այն չփոխանցվի պտղին: Հետևաբար, շատ կարևոր է, որ մարդիկ իրազեկված լինեն ու պարբերաբար ստուգվեն»,-ասաց Նարինա Սարգսյանցը:
Նա հիշեցրեց, որ վարակի փոխանցման գերակշռող ուղիները՝ չպաշտպանված սեռական հարաբերություններն են: Նախկինում մեծ տոկոս էր կազմում թմրամիջոցների ներերակային ճանապարհով օգտագործումը: Այսօր այդ ուղղությամբ վարակվածությունը կազմում է 5.8 տոկոս, ինչը նվազել է:
Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Երևանի Ազատության հրապարակում ժամը 13։00-19։00-ն կգործի շարժական բուժախտորոշիչ կլինիկա, որտեղ ցանկացողները կարող են անվճար թեստավորվել: