«Միասնություն` կյանքի համար». արյունատվության այս տարվա արշավն ամփոփվեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում. ԱՆ
«Միասնություն` կյանքի համար». արյունատվության այս տարվա արշավն ամփոփվեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
«Անվարձահատույց դոնորության խրախուսման տարեվերջյան ամփոփմանը ներկա է գտնվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեկ դոնորը երեք հոգու կյանք է փրկում: Մեր նպատակն է մշակույթ փոխել, որ յուրաքանչյուրն ուղենիշ վերցնի` տարին առնվազն մեկ անգամ արյուն հանձնելու, համալրելու մեր երկրի արյան պաշարները: Ճիշտ է, արյունատվությունն այժմ ավելացել է, սակայն արյան կարիք միշտ կա: Ուստի, պետք է այս ծառայությունն ընդգրկենք բուժհաստատությունների ընդհանուր ծառայությունների մեջ»,-նշել է նախարարը:
2025 թվականի ընթացքում արյան ծառայության կողմից իրականացվել է 14 000 արյունատվություն, որից շուրջ 4 600-ը՝ ՀՀ մարզերում, «Յոլյան» կենտրոնի արյան ծառայության մարզային բաժանմունքներում։
Արյունատվության էստաֆետի շրջանակում մասնակցել է 19 բուժհաստատություն Երևանից և ՀՀ տարբեր մարզերից։
Կարևորելով մարդասիրական և կյանքեր փրկող այս նախաձեռնությունը` Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին և առաջարկեց 2026 թվականին էստաֆետը հանձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառույցներին:
Մեզանից յուրաքանչյուրի արյունատվությունը կարևոր է։
Դարձե’ք դոնոր, փրկե’ք կյանքեր»,-ասված է հաղորդագրության մեջ:


