հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մի շարք խոշոր հյուրանոցների կասեցման միջնորդություն կներկայացվի․ԱԱՏՄ-ն խնդիրներ է արձանագրել

Մի շարք խոշոր հյուրանոցների կասեցման միջնորդություն կներկայացվի․ԱԱՏՄ-ն խնդիրներ է արձանագրել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի եւ մարզերի տարածքային ստորաբաժանումներն այսօր շարունակել են մշտադիտարկման աշխատանքները հանրապետության մարզերում և մայրաքաղաքում: ԱԱՏՄ տեսուչների դիտարկման տիրույթում են խոշոր հյուրանոցները, հանգստյան տները, արտադրական և բժշկական կազմակերպությունները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Մարզային ստուգայցերն այսօր իրականացվել են, մասնավորապես, Աղվերանում, Սևանում, Նոյեմբերյանում, Իջևանում, Վանաձորում և Գորիսում:

Մի շարք տնտեսավարողների մոտ խախտումներ են արձանագրվել՝ կապված ջերմաչափման, ախտահանման մատյանների վարման հետ, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները: Նշված խնդիրները գրանցվել են նաև Գորիսում գործող մի շարք հյուրանոցներում: Տեսչականի մասնագետների կազմած կասեցման արձանագրությունները կուղարկվեն պարետին:

Մյուս մարզերում տեսչական դիտարկումներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել: Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն և դրանք վերացնելու ցուցում։

ԱԱՏՄ մասնագետներն այսօր դիտարկումներ են անցկացրել նաև երևանում, մասնավորապես, սպորտային խոշոր համալիրում։ Բողոքի հիման վրա դիտարկվել է նաև բանկերից մեկի մասնաճյուղը: Կոպիտ և համակցված խախտումների դեպքում կազմվում են արձանագրություններ և ուղարկվում պարետատուն:

ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ուժեղացված ստուգայցերն ամենուր եւ ամեն օր՝ զուգահեռ իրականացնելով նաև իրազեկման աշխատանքներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորության մասին։

  • Կիսվել: