Մեզ Դալուզյանի կյանքը չի հետաքրքրում, իսկ իշխանությունները քննարկումները տարան այլ դաշտ. ՀՅԴ ՀԵՄ
«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն պնդումը, թե իր հրաժարականի պահանջը նեղկուսակցական պահանջ է, պարզապես ջախջախվում է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ ԿԳՄՍՆ վերջին որոշումների վերաբերյալ հասարակության ամենատարբեր շերտր հայտնել են իրենց դժգոհությունը, ինչից կարելի է եզրակացնել, որ նախարարի պնդումը, թե պայքարը նեղկուսակցական է, անհիմն է:
Վարդանյանը խոսեց նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին ուղղված իրենց դիմումի մասին: Նա ասաց, որ իրենց այցելելն են ԲՀԿ պատգամավորները: Նրանք վերցրել են նամակը և խոստացել են ծանոթանալ ու արձագանքել:
ՀՅԴ ՀԵՄ անդամներն անդրադարձան նաև Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե վերջինս դիմել է Ոստիկանություն ու ՀՔԾ՝ իրեն նախորդած ԿԳ նախարարների օրոք իրականացված չարաշահումների մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ։ Ըստ երիտասարդների՝ իրենք էլ իրենց հերթին են դիմել ոստիկանություն, ՀՔԾ և դատախազություն. ՀՔԾ–ից հայտնել են, որ ԿԳՄՍ նախարարի կողմից որևէ հարցում չեն ստացել։
ՀՅԴ ՀԵՄ անդամ Արգիշտի Գևորգյանի խոսքով՝ իշխանությունները հասարակությանը մանիպուլացնելու փորձ արեցին, երբ շահարկեցին ծանրորդ Մել Դալուզյանի կյանքի պատմությունը, Հայաստանի դրոշի ներքո տարած հաղթանակները և այլն: Գևորգյանը նշեց, որ իրենք չեն քննադատում ծանրորդին, իրենց չի հետաքրքրում, թե նա ինչ արժեքների կրող է, իրենց համար խնդրահարույց է այն, որ «Մել» ֆիլմի նկարահանման ֆինանսավորումը կատարվել է իրենց վճարած հարկերից, մինչդեռ, ըստ իրենց, իշխանություններն այս ամենը տարան այլ դաշտ:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներն ու ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացվում: