Մեծ վնաս է հասցվել, բայց կարեւոր է, որ մարդկային կորուստ չկա. Ռոմիկ Մխիթարյանը «Դոմուսի» սեփականատերերին չի ճանաչում
Մեծ վնաս է հասցվել, բայց կարեւոր է, որ մարդկային կորուստ չկա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Իսակովի պողոտայում «Դոմուս» խանութ–սրահի հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։
«Փառք Աստծո, ԱԻՆ–ի աշխատակիցները շատ լավ աշխատում են, ինքներդ տեսնում եք։ Ես չեմ կարող ասել՝ ինչից է առաջացել հրդեհը»,–ասաց նա։
Հարցին՝ շենքի ներսում հակահրդեհային համակարգ եղել է, թե ոչ, նա պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ սեփական տարածք է։ Նա նշեց, որ սեփականատերերին չի ճանաչում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում:
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել 17 մարտական հաշվարկ։
Ծուխը տեսանելի է եղել մի քանի կմ-ից: Հրդեհը տարածվել է պահեստից դեպի խանութի տարածք։
Հրդեհից 2 ժամ անց դեռեւս կրակը մարված չէր։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, ներսում եղած մարդիկ հասցրել են դուրս գալ։ Վերջին տվյալներով հրդեհը տարածվել է 2500-3000 ք, տարածքում։
Այս պահին կրակը մեկուսացվել է, հետհրդեհաշիջման աշխատանքներ են տարվում։