երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Մեթոդական, մասնագիտական օգնություն և համալիր ստուգումներ  Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում

Մեթոդական, մասնագիտական օգնություն և համալիր ստուգումներ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում

Սեպտեմբերի 11-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում էր։ Այցի նպատակը վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում համալիր ստուգումներ իրականացնելն էր՝ ուղղված մասնագիտական գիտելիքների բարելավմանը և մեթոդական օգնության ցուցաբերմանը։
 
Աշխատանքային խմբում ընդգրկված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումներից համապատասխան մասնագետներ:
 
Այցի ընթացքում Տնօրենի տեղակալն անցկացրեց շարային ստուգատես. ստուգվեցին ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, համազգեստի կրման կանոններին համապատասխանությունը, անհրաժեշտ փաստաթղթերի և ծառայողական վկայականների առկայությունը, ընդհանուր պատրաստվածությունը, ինչպես նաև տագնապային պայուսակներում անհրաժեշտ իրերի առկայությունն ու համապատասխանությունը սահմանված պահանջներին։
 
ՓԾ տնօրենի տեղակալը ծանոթացավ նաև հրշեջ-փրկարարական տեխնիկայի, գույք-սարքավորումների մարտական վիճակին և սարքինությանը, տեղում հետևեց հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից անցկացվող «Մարտական բացազատում և հրդեհաշիջում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։
 
Այնուհետև տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մենուա Ասատրյանը ներկայացրեց վարչության կողմից իրականացվող աշխատանքների արդյունքները և ընթացքը, քննարկվեցին վարչության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
 
Տնօրենի տեղակալը տվեց հստակ ցուցումներ և հանձնարարականներ, հատկապես ընդգծեց կապի միջոցներից օգտվելու կարգի վերաբերյալ անհրաժեշտ հարցերը և նշեց ժամկետներ՝ ի հայտ եկած թերությունները շտկելու ուղղությամբ։
 
Ե․Կարապետյանն անձնակազմին ներկայացրեց Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի նորանշանակ հրամանատարին՝ մաղթելով բարի ծառայություն։
 
Խորհրդակցության ավարտին Տնօրենի տեղակալը եղավ նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնում, հետևեց ընթացիկ աշխատանքներին, զրուցեց անձնակազմի հետ։
 
Սեպտեմբերի 11-ից 13-ն աշխատանքային խմբի անդամներն աշխատանքները շարունակեցին Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատներում, որտեղ անձնակազմին հայտարարվեց «Հավաք» և «Տագնապ», անցկացվեցին կրկնակի շարային ստուգատեսեր, «Մարտական բացազատում և հրդեհաշիջում» թեմայով հատուկ տակտիկական պարապմունքներ։
 
Վերլուծելով և ամփոփելով արդյունքները՝ աշխատանքային խմբի անդամների կողմից տրվեց անհրաժեշտ մեթոդական օգնություն՝ ինչպե՛ս իրավական ակտերի վարման, այնպե՛ս էլ ծառայության կազմակերպման ուղղությամբ։
 
Նշենք, որ մասնագիտական և մեթոդական օգնության ցուցաբերման աշխատանքները Փրկարար ծառայությունում կրում են շարունակական բնույթ, քանի որ վերջիններիս նպատակն է մարզային ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը, առավել կազմակերպված, արդյունավետ և օպերատիվ աշխատանքի ապահովումը, առկա խնդիրների վերհանումը և համապատասխան լուծումներ գտնելը:

  • Կիսվել: