Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա, պետք է պատրաստ լինենք. Մուրադյան
Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա և պետք է այս հարցի վերաբերյալ զգուշորեն խոսել և պատրաստ լինել: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Սա իրականում հին վիրուս է, դրա մասին տեղեկություններ կան արդեն 2001 թվականից, սակայն այն շրջանառվում է շուրջ 60 տարի։ Եվ, ինչպես գիտենք, Չինաստանում արդեն բռնկում կա, բացի այդ, հաշվի առնելով նախորդ պատմությունը, հանրային մեծ հետաքրքրություն կա համաճարակների վերաբերյալ»:
Մուրադյանի խոսքով՝ համաճարակների վերաբերյալ նաև որոշակի ժխտողական մոտեցում կա, սակայն, ըստ նրա, իրականում պետք է դրա վերաբերյալ հանգիստ ընկալում լինի։
«Պատրաստ լինելը նշանակում է հետևյալը, հանրային առողջապահական կուլտուրան հասարակության մեջ պետք է այնպես լինի, որ նման լուրերը չընկալվեն որպես տագնապալի: Այսինքն, սա իրազեկվածության դաշտում է: Պետք է իմանալ՝ ինչ անել, պետք է համակարգը պատրաստ լինի և կարծում եմ՝ պետք է կառավարելի պահել այն վիրուսները, որոնք ենթարկվում են պատվաստումների»,-ասաց ռեկտորը՝ հավելելով, որ այս վիրուսն իր վիոլենտությամբ, իր մահաբերությամբ ավելի թեթև է, քան գրիպի վիրուսը:
«Դժբախտաբար, կառավարելի վիրուսների շարքում չէ, չունի դեռևս իր պատվաստանյութը, և խորհուրդ են տրվում այն կանոնները, որոնք առհասարակ գործում են համաճարակների դեպքում»,-եզրափակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.