ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեռնող մասնագիտությունների նկատմամբ դեռ հետաքրքրություն կա, բայց նախարարությունում մտածում են շտկել սխալը

Մեռնող մասնագիտությունների նկատմամբ դեռ հետաքրքրություն կա, բայց նախարարությունում մտածում են շտկել սխալը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պնդմամբ, մեռնող մասնագիտությունների նկատմամբ դեռևս հետաքրքրություն կա: 2020 թվականի բյուջեի նախագծի քննարչկման ժամանակ Հարությունյանն ասաց, որ միջին մասնագիտություն ընտրելու որոշ ուղղություններով կան իներցիոն երևույթներ, բայց կատարվել է աշխատաշուկայի վերլուծություն, որը թույլ կտա հաջորդ տարի այնպիսի պատվեր իրացնել, որոնց կարիքը կլինի:

«Վատ է, որ հանրության շրջանում դեռևս կա մեռնող մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություն, բայց մենք կողմնորոշման ծրագրեր ենք իրականացնում դպրոցներում, որ մեր աշակերտները կարողանան այնպիսի մասնագիտություն ընտրել, որ ավարտելուց հետո պահանջարկը լինելու է»,-հայտարարեց նախարարը:

Այդքանով հանդերձ, նախարարը նկատեց, որ միջին մասնագիտական կրթության հարցում լուրջ վերանայումներ են տեղի ունեցել:

«Եթե նայեք նախորդ տարվա համեմատ միջին մասնագիտական տեղերի պատվերը, կտեսնեք, որ շեշտակի փոփոխություններ են եղել, մասնավորապես, հաշվապահական, առողջապահական մասնագիտություններով, և մենք գնահատում ենք աշխատաշուկայի պատկերը և փոփոխություն իրականացնում»,-նկատեց պաշտոնյան:

  • Կիսվել: