կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Մեր տատիկ-պապիկների մահից հետ ոչ նյութական արժեքներն անէանում են․ Փաշինյանը հիշեց նաև երեխաների բակային խաղերը

Մեր տատիկ-պապիկների մահից հետ ոչ նյութական արժեքներն անէանում են․ Փաշինյանը հիշեց նաև երեխաների բակային խաղերը

Ըստ էության, այս պրոցեսը, որում մենք հերթական քայլն ենք անում, մեծ հաշվով, կարելի է անվանել ոչ նյութական արժեքների նյութականացման գործընթաց: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի ոչ նյութական մշակութային  ժառանգության արժեքների ցանկը եւս 17 արժեքներով համալրելու նախաձեռնությանը:

«Երբ գործ ունենք նյութական արժեքների՝ հուշարձանների հետ, դրանք ավելի երկարակյաց են, քան ոչ նյութական արժեքները, որոնք կորսվելու մեծ վտանգի են ենթարկված: Մեր իրականության մեջ առանցքային նմանատիպ պատմություն կա: Ինչո՞ւ է մեր իրականության մեջ Կոմիտաս վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում. մի պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասը, ըստ էության, անէանալուց փրկել է՝ գյուղից գյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով:

Այն ժամանակ մենք պետություն չենք ունեցել, բայց հիմա ունենք ու պարտավոր ենք այս մշակութային քաղաքականության էությունն իրականացնել: Եվ եթե մեզ թվում է, որ մենք այսօր չունենք այսպիսի ոչ նյութական արժեքների կորսվելու հավանակություն, ապա չարաչար սխալվում ենք: Մեր տատիկ-պապիկների մահվան հետ ոչ նյութական արժեքնորն անէանում են, եթե դրանք բավարար չափով փաստագրված չեն:

Մենք ազգային ռազմավարության մեջ ընդծել ենք հայկական խոհանոցը՝ որպես ռազմավարական արժեք: Երբ մենք տարբեր գյուղեր ենք գնում, այնտեղ մարդիկ հյուրասիրություններ են անում, ներկայացնում են կենցաղը, այնտեղ տեսնում ենք ուտեստներ, որոնք անծանոթ են: Նման դեպքերից հետո ես խնդիր դրեցի, որ մենք գրանտային ծրագիր իրականացնենք, որպեսզի մեր մասնագետներն անցնեն բնակավայրերով և հավաքագրեն»:

Փաշինյանը նաև շեշտեց, որ շատ մեծ մշակութային շերտ է կորսվում վերջին տասնամյակներում և դրանք այն խաղերն են, որոնք երեխաները ժամանակին խաղում էին բակերում.

«Մեզ հայտնի պատճառներով դրանք կամաց-կամաց անէանում են: Հետո Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտները միլիոններ պետք է ծախսեն այդ  ամենը պատառ-պատառ վերականգնելու համար: Այսօր մենք հույս չունենք, որ երեխեքին կարող ենք համոզել, որպեսզի այդ խաղերը նորից խաղան: Այդ երեխաները մեծանում են, դառնում պատգամավոր, նախարար, բիզնեսմեն, կառավարության անդամ և հանրությանը հետազոտելու համար, եթե մենք լուրջ ենք վերաբերվում այս ամենին, դա չափազանց լուրջ ինֆորմացիա է: Այս պրոցեսը պետք է շարունակվի: Շատ կարևոր է ոչ միայն դրանք փաստագրելը, այլև հասանելի դարձնելը»:

  • Կիսվել: