երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
«Մեր բակ» մանկապարտեզում դաստիարակի կողմից  երեխաներին ծեծի ենթարկվելու դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն

«Մեր բակ» մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխաներին ծեծի ենթարկվելու դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն

«Մեր բակ» մանկապարտեզում դաստիարակի կողմից  երեխաներին ծեծի ենթարկվելու դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանության hասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զարզանդ Գաբրիելյանից:

Նշենք, որ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից մեկը ԶԼՄ-ներին հաղորդագրություն էր ուղարկել՝ նշելով, որ իր 2,5 տարեկան զույգ աղջիկները նոյեմբերի 30-ից սկսել են մանկապարտեզ հաճախել, որից հետո վարքագծի փոփոխություն են նկատել՝ ագրեսիա, վախ, քնի խախտում, դեպրեսիվ տրամադրություն և այլն:

 «Կասկածելով մանկապարտեզում երեխաների հանդեպ հնարավոր վատ վերաբերմունքի մասին՝ ձայնագրող սարք ենք տեղադրել երեխայի տիկնիկի մեջ և ձայնագրել դեկտեմբերի 3-ին երեխաների օրը մանկապարտեզում: Պարզվել է, որ երեխաներին ծեծում են, անպատվում, վախեցնում են, այդ թվում՝ սպառնալով մութ սենյակ տանել, դանակով վիզը կտրել և այլն: Երեխաներին անպատվում են և ծաղրում: Այս ամենը ձայնագրված է, և կան անհերքելի փաստեր: Երբ փորձ ենք արել տնօրենի հետ պարզաբանել ստեղծված իրավիճակը, տնօրենը կաշառք է առաջարկել մեզ՝ հարցին հնչեղություն չտալու խնդրանքով: Այս հեռախոսազրույցի ձայնագրությունը ևս առկա է»,-գրված է ծնողի հաղորդագրության մեջ:

 

Tert.am-ը «Մեր բակ» մանկապարտեզի Բաղրամյան մասնաճյուղի տնօրեն Անի Հայրապետյանից տեղեկացավ, որ դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, թե այդ ձայնագրությունները իրենցն է, թե ոչ: «Մենք էլ բոլորի նման համացանցից ենք տեղեկացել, քանի որ ծնողն առաջին հերթին այդ մասին ԶԼՄ-ներին է տեղյակ պահել, ոչ թե մեզ, որևէ վերլուծություն չի պահանջել մեզնից, բացատրություն չի պահանջել, ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա:  

Անի Հայրապետյանը նշեց, որ դաստիարակը նոր էր ընդունվել աշխատանքի,  մի քանի օրվա աշխատակից է եղել, առաջին տպավորությունը վատ չի եղել,  հղի էր, աշխատանքի է եկել իր երեխայի հետ, որպեսզի մյուս երեխաների հանդեպ ավելի սրտացավ լինի: «Մանկապարտեզում երբեք այդ ձեռագիրն ու աշխատելաոճը չի թելադրվել, մանկապարտեզը եղել է ճիշտ ֆոնի մեջ, 12 տարվա մասնավոր մանկապարտեզ է, երբեք բողոք կամ պահանջ չի եղել: Եթե մենք ունեցել ենք նման անադեկվադ, անարժան աշխատակից, որին մենք չենք կարողացել բացահայտել, և դա արել է ծնողը, մենք նրան շնորհակալ կլինենք, միայն թե ամբողջ բացահայտումից հետո»,-ասաց նա և հավելեց, որ դաստիարակն աշխատանքի անցնելու բոլոր չափանիշներին համապատասխան է եղել և հիմա էլ հերքում է, որ կատարվածն իր հետ կապ ունի:

  • Կիսվել: