հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան

Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան

Հայաստանում ավտոմեքենաների թվի աճի պայմաններում անհրաժեշտ է նոր ճանապարհներ և գործող երթուղիների այլընտրանքներ ստեղծել։

Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում՝ ճանապարհաշինական ծրագրերի քննարկման ժամանակ։

«Շուտով մենք միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ենք խցանման խնդիր ունենալու»,— ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ որոշ օրերին և սեզոններին այդ ճանապարհներին երթևեկության դժվարություններ արդեն նկատվում են, ուստի պետք է մարդկանց տեղաշարժի այլ տարբերակներ ապահովել։

Փաշինյանն այդ համատեքստում առանձնացրել է Տավուշում Ենոքավան–Կարմիրգյուղ ճանապարհի հիմնանորոգումը։ Վարչապետի խոսքով՝ գոյություն ունեցող գրունտային ճանապարհն առաջին անգամ ասֆալտապատվելու է։ Նա հիշեցրել է նաև Աթան–Ենոքավան ճանապարհի կառուցման ռազմավարական նշանակության մասին։

Անդրադառնալով Այգեհովիտ–Վազաշեն–Պառավաքար–Այգեպար ճանապարհին՝ Փաշինյանը նշել է, որ դրա հիմնանորոգմամբ դեպի Բերդ տանող ևս մեկ բարեկարգ ուղղություն կապահովվի։

Վարչապետի գնահատմամբ՝ ճանապարհային կապերի բարելավումը կարող է նպաստել Բերդի և հարակից բնակավայրերի տնտեսական ու զբոսաշրջային ակտիվությանը։

 

  • Կիսվել: