Մենք օրենքով լիազորություն ենք վերապահել ԱԱՏՄ-ին ամբողջությամբ Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու. նախարար
Մենք օրենքով լիազորություն ենք վերապահել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ամբողջությամբ Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող անձանց իրավունքների մասին հարցին:
Նա հավելեց. «Ասեմ, որ մինչև օրենքի փոփոխությունը տեսչական մարմինը չուներ նման հնարավորություն Աշխատանքային օրենսգրքի համատեքստում, և քանի որ արդեն մենք ունենք այդ հնարավորությունը, Աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային պայմանագրերի, արձակուրդային վճարների և առհասարակ ցանկացած կարգավորում, որը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքին, եթե դրանք խախտվում են, ամենակարճ ճանապարհը՝ դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Ես առաջարկում եմ հասցեագրել և խմբավորել նմանատիպ կոնկրետ դեպքեր, ուղղել մեզ, չնայած իբրև ԱԺ պատգամավոր՝ դուք նույնպես կարող եք տեսչական մարմին վերահասցեագրել կամ ուղիղ հասցեագրել, բայց մենք՝ որպես աշխատանքի ոլորտի պատասխանատու պետական գերատեսչություն, հետաքրքրված ենք: Ուսումնասիրենք և ինքներս նախաձեռնենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ քննարկում:
Հնարավոր են Աշխատանքային օրենսգրքի խախտումներ, աշխատանքային պայմանագրի խախտումներ, բայց դրանք բացահայտելու, կանխարգելելու լիազորությունը տեսչական մարմնինն է:
Մենք կարգավորում ենք օրենսգիրքը, և նույնը, օրինակ՝ արձակուրդայինների մասով, երբ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություն իրականացրինք, և շուրջ 40 տոկոսով Աշխատանքային օրենսգիրքը փոփոխվեց և հաստատվեց ԱԺ-ի կողմից: Այնտեղ հստակ կարգավորումներ ունենք արձակուրդայինների մասին, որ գործատուն պետք է արձակուրդի հնարավորություն տա, եթե չի տրամադրում, ապա օրենքով է սահմանված, որ արձակուրդը տրամադրվի: Եթե կան նմանատիպ հարցեր՝ հասցեագրեք մեզ, և մենք տեսչականի հետ կաշխատենք»:
Արեն Մկրտչյանը նշեց. «Որքան ուսումնասիրում ենք, Աշխատանքային օրենսգրքի խախտում, կարծես, ձեռնարկությունը թույլ չի տալիս, այստեղ գալիս է հնարավոր օրենսդրական բացի և դա փակելու հարց: Ես առաջարկում եմ քննարկում կազմակերպենք, հարցը ևս մեկ անգամ ուսումնասիրենք, և եթե կնկատենք բաց, գնանք բացը փակելու ուղղությամբ»:
«Ըստ էության, Աշխատանքային օրենսգրքի փաթեթի փոփոխությունը բավականին լայն քննարկումներով է անցել, եթե չեմ սխալվում՝ նաև ընդդիմությունն է հաստատել այդ նախագիծը, քվեարկել կողմ, բայց, այնուամենայնիվ, միշտ կան խնդիրներ, որոնք պետք է հասցեագրել. մենք պատրաստ ենք»,-ասաց նախարարը: