չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մենք կորցրել ենք մեծ պետական գործչի և հայրենասերի. տեղի ունեցավ Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը

Մենք կորցրել ենք մեծ պետական գործչի և հայրենասերի. տեղի ունեցավ Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը

Մենք ծանոթ էինք դեռևս 1993-1994 թվականներից: Գալուստ Սահակյանի հետ կապված հիշողությունները բազմաթիվ են: Մի ողջ կյանք միասին անցանք: Այս մասին այսօր Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց քաղաքական գործիչ Տիգրան Թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Գալիս է մի ժամանակ, երբ մենք երկրային կյանքից հեռացողների հետ կամա թե ակամա վերհիշում ենք մեր պետության անցած ճանապարհը։ Ի վերջո, մարդիկ, որոնք 1990-ականներից են եղել այս ընթացքի մեջ, պետության հետ ապրել են բոլոր օրերը՝ և՛ հրաշալի հաղթանակների, և՛ ձախողումների, և՛ դժբախտ օրերի, այնպես, ինչպես ցանկացած պետության կյանքում լինում է։

Այս առումով կարծում եմ՝ Գալուստ Սահակյանն ապրել է շատ լիարժեք, ամբողջական կյանք՝ ողջ ընթացքի մասնակիցն ու դերակատարը լինելով։ Քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե որքան է իր կյանքը երկրի վրա, պետք է այդ կյանքն ապրել լիարժեք, զգալ պատասխանատվություն, եթե կարևոր պաշտոններ ես զբաղեցնում, և ծառայել պետությանը։ Կարծում եմ՝ Գալուստ Սահակյանը գիտեր իր առաքելությունը և լիարժեքորեն ծառայել է իր պետությանը՛՛:

ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանն էլ նշեց, որ Գալուստ Սահակյանը ՛՛երեւի եզակի համադրություն ուներ Հայաստանի ներքաղաքական կյանքում՛՛:

՛՛Նա մարդ էր, ում մեջ միավորվում էին եւ ամենանվիրական, ազնիվ մարդկային հատկանիշները, միևնույն ժամանակ պետականամետ մտածողությունն ու հայրենասիրությունը՛՛,-ասաց Մամիջանյանը:

Նա հավելեց, որ Գալուստ Սահակյանն իրական հանրապետական էր։ ՛՛Վստահ եմ, որ պարոն Սահակյանին այս մեկ ընդգրկուն բառով նկարագրությունը դուր կգար։ Ամենադիպուկ, ամենահամառոտ խորհուրդներ տալու ունակություններ ուներ Գալուստ Գրիգորիչը։ Այդ խորհուրդներն ինձ պետք են գալու և ուղեղումս միշտ հնչելու են Գալուստ Գրիգորիչի հանգիստ ու խաղաղ ձայնով։

Մենք կորցրել ենք մեծ պետական գործչի և հայրենասերի։ Ես շատ կուզեի, որ ինքն այլ իրավիճակում տեսներ Հայաստանն ու Արցախը։ Նա հատկություն ուներ միշտ լավը տեսնելու՛՛,-նշեց Մամիջանյանը:

Հոգեհանգսիտի արարողությանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Գալուստ Սահակյանը յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցում էր ցուցաբերում, կարողանում էր բոլորի հետ աշխատել, խոսել ամենանուրբ ձևով:

՛՛Որպես պետականության ակունքներում կանգնած մարդ՝ Սահակյանն ունի ահռելի ներդրում պետականության կայացման և, առհասարակ, խորհրդարանական մշակույթի հարցում: Նա կարողանում էր լարվածությունը թուլացնել՝ իր բարությամբ և նրբանկատությամբ: Կարծում եմ, որ Հայաստանի պետականության այս երեք տասնամյակների ընթացքում նա իր խորը հետքը թողել է ինչպես պետականաշինության, այնպես էլ խորհրդարանական մշակույթի ձևավորման հարցում՛՛,-ասաց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել 2014-2017 թվականների Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Գալուստ Սահակյանի  հոգեհանգստի արարողությանը: Գալուստ Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-13:00-ը, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը՝ Երևանի Սպանդարյան գերեզմանատանը:

  • Կիսվել: