«Մենք չենք եկել էստեղ ձեզ ծախսի տակ գցենք, այլ ուզում ենք, որ դուք եկամուտ ստանաք». Փաշինյանը՝ Արուճում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ քիչ առաջ ժամանեց Արագածոտնի մարզի Արուճ համայնք՝ մասնակցելու Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին:
Այստեղ տարբեր համայնքներ առանձին-առանձին սեղաններ էին գցել, հյուրասիրություն էին կազմակերպել: Փաշինյանը հերթով մոտենում էր սեղաններին, զրուցում մարդկանց հետ: Նա հետաքրքրվեց, թե ինից է պատրաստվում քաղցր սուջուխը: Վարչապետին ներկայացրեցին, որ այն պատրաստվում է խաղողի դոշաբից, ոչ բարձր տեսակի ալյուրից. «Սուջուխը նման է պառավի երեսի, այսինքն կնճիռներ են լինում: Եթե կնճիռները կան, ուրեմն պատրաստ է»,-ասաց կանանցից մեկը:
Արուճի սեղանի մոտ երեխաներից մեկը հայտարարեց. «Պարոն վարչապետ, ես հիմա կարտասանեմ ձեզ համար կարտասանեմ ձեր սիրելի բանաստեղծություններից մեկը», և արտասանեց Հովհաննես Շիրազի «Իմ սուրբ հայրենիք» բանաստեղծությունը:
Այստեղ Աննա Հակոբյանին նվիրեցին «Փոքրիկ իշխանը» գիրքը եւ հիշեցրին, որ «կրթվելը նորաձեւ է»:
«Մենք համոզված ենք, որ դուք սիրում և խնամում եք մեր երկիրն այնպես, ինչպես փոքրիկ իշխանն էր սիրում ու խնամում իր փոքրիկ վարդին: Հավատացնում ենք, որ միասին պիտի կերտենք այն հայրենիքը, այն մոլորակը, որտեղ միշտ ծածանվելու է ազատ ու անկախ Հայաստան եռագույնը»,-ասաց երեխաներից մեկը:
Փաշինյանը կոչ արեց սուբծննդյան տոնավաճառ կազմակերպել, որ գյուղին էլ օգուտ լինի, ոչ թե միայն իրենց այցի հետ կապված հյուրասիրություն կազմակերպեն: «Մենք սա անում ենք ոչ թե նրա համար, որ ձեզ, կապիտ ասած, ծախսի տակ գցենք, այլ անելու ենք, որ դուք եկամուտ ստանաք, մարդկանց հոսք ապահովենք դեպի գյուղ»:
Նշենք, որ Արագածոտնի մարզի Արուճ խոշորացված համայնքում այսօր տեղի է ունենում Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնը: