Մենք բոլորս ենք տեսնում, որ Զառոկյանը հոգեկան խնդիրներ ունի. Արմեն Գալջյան
Ամեն նիստին Պեդրո Զարոկյանը ինչ-որ միջոցառումներ է իրականացնում, չգիտեմ էլ՝ ինչ արձագանքեմ, ինչ էր խոսում, ինչին կարելի է արձագանքել. Բղավում է, ոչ ոք չի հասկանում՝ ինչ է ասում, ոչ մի միտք չկա ասածի մեջ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի այսօրվա ելույթին եւ դրան հաջորդած միջադեպին:
«Կոնկրետ դպրոցի հետ կապված խնդիր, եւ կառավարությունն իր ծրագրերում ներառել է այդ դպրոցը, որ ամբողջովին հիմնանորոգի, ինչպես բազմաթիվ դպրոցներ հիմնանորոգում է կամ զրոյից կառուցում»,-ասաց նա:
Արմեն Գալջյանը պնդում է, որ Պեդրո Զառոկյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարցին՝ որտեղի՞ց դա գիտի, նա արձագանքեց. «Դե հիմա տեսնում ենք, բոլորս ենք դա տեսնում: Սա բոցաշունչ ելույթ չէր, չգիտեմ՝ ինչ էր»:
Հարցին՝ երբ ՔՊ-ականները դուրս էին գալիս Պեդրո Զարոկյանի հետեւից, ի՞նչ էին ուզում անել, նա պատասխանեց. «Չգիտեմ, պարզապես ես տեսա, որ լարվածություն կա, գնացի, որ բախում չլինի, բայց չեղավ»:
Նշենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստում Պեդրո Զարոկյանի խոսքից հետո իրավիճակը լարվեց, հնչեցին վիրավորական արտահայտություններ, որոշ ՔՊ-ականներ փորձեցին հարձակվել նրա վրա, սակայն ծեծկռտուքը կանխվեց: