հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը

Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ»։ 2022 թվականի մրցույթը. հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում կարող են ընդգրկվել նախարարության, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության և այլ մարզական կազմակերպություններ: Հանձնաժողովը ձևավորվում է յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 10-ը:

Մրցույթի մասնակիցների առաջադրումը

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության հավաքականների մարզիկ-մարզուհիները: Մրցույթի մասնակիցների առաջադրումը որոշվում է հետևյալ ընթացակարգով.

Նախարարությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 13-ը հրապարակում է օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական մարզաձևերից՝ սամբո և շախմատ, մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սույն հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներ ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները):

Մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ը ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր, ոչ օլիմպիական՝ սամբո և շախմատ) մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին են ներկայացնում մեկից երեք մարզիկի թեկնածություն: Մեկ հայտում երեքից ավելի թեկնածություն ներկայացնելու դեպքում մրցութային անվանացանկում ներգրավվում են առաջին երեք թեկնածուները: Մարզաձևերի ֆեդերացիաների կողմից կարող են առաջադրվել այն թեկնածուները, որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և/կամ իրենց մրցելույթներում Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմում են մրցութային անվանացանկը:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթը, որն իրականացվում էր SMS քվեարկությամբ, այս տարի չի անցկացվելու:

Մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները

Մարզաձևերի ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչները և նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշմամբ և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնում:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է մրցույթի արդյունքները: Հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկությունների առանձին-առանձին ամփոփման համար կազմվում է մարզիկների վարկանիշային (ռեյտինգային) սանդղակ: Ձայների քանակը մարզիկների վարկանիշային առաջին սանդղակում տվյալ մարզիկի միավորների քանակն է: Մարզիկի ցուցանիշը որոշվում է հետևյալ ձևով.

  • հաշվարկվում է հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում տվյալ մարզիկի ստացած ձայների քանակը՝ յուրաքանչյուր առաջին տեղի համար տասը, երկրորդ տեղի համար՝ ինը, երրորդ տեղի համար՝ ութ և այդպես շարունակ՝ տասներորդ տեղի համար մեկ ձայն սկզբունքով,
  • առաջին 10 ամենաբարձր վարկանիշային վերջնական միավորն ունեցող մարզիկները ճանաչվում են մրցույթի հաղթողներ: Հավասար վարկանիշային վերջնական միավորների դեպքում մարզիկները հավասարապես բաժանում են այն տեղերը, որոնց հավակնում են: Հանձնաժողովը մրցույթի հաղթող մասնակիցների անվանացանկը հրապարակում է ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպվող հանդիսավոր արարողության ընթացքում:

Հանձնաժողովի կայացրած որոշումները պարտադիր են մրցույթին մասնակցող մարզիկների, մարզաձևերի ֆեդերացիաների, ինչպես նաև քվեարկությանը մասնակցած անձանց համար:

Մրցույթի հաղթողների պարգևատրման կարգը

Մրցույթի հաղթողները պարգևատրվում են դրամական պարգևներով: Հաղթողների պարգևատրման եղանակը յուրաքանչյուր տարի որոշվում է հանձնաժողովի կողմից՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ը: Հանձնաժողովը կարող է սահմանել նաև խրախուսական հատուկ մրցանակներ՝ ընթացիկ տարում աչքի ընկած մարզիկ-մարզուհիներին, մարզիչներին, սպորտային բժիշկներին և սպորտի նվիրյալներին խրախուսելու համար:

  • Կիսվել: