հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեկնարկում է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլ

Մեկնարկում է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլ

Հուլիսի 19-ին՝ ժամը 11:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում կազդարարվի «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը։

Ծրագրի մեկնարկը կհայտարարի և աշակերտներին կողջունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նախագծի նպատակն ու ընթացքը կներկայացնի ծրագրի ղեկավար, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Այնուհետև մենթորները՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը, ռեժիսոր, դերասան Լիլի Էլբակյանը, դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը կծանոթացնեն ծրագրի մանրամասներին և իրենց նպատակներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը կյանքի կկոչվի հուլիսի 19-ից 31-ը։ Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է դպրոց-թատրոն կապի ամրապնդմանը։ Այս անգամ ծրագրի առանցքում դերասանի վարպետության դասընթացն է։ Մասնակիցներն ընտրվել են մրցույթի հիման վրա՝ լրացնելով հայտը, մոտիվացիոն նամակը և մասնակցելով հարցազրույցի։

Երկշաբաթյա ծրագրի ընթացքում աշակերտները կաշխատեն խմբերով՝ իրենց մենթորների ղեկավարությամբ, կունենան բեմական խոսքի և դերասանի վարպետության դասեր։ Հուլիսի 31-ին որպես ծրագրի եզրափակում խմբերը հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում ստեղծված ներկայացումները։

Հիշեցնենք, որ «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագիրը մշակվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից։ Ծրագիրն աշակերտներին ոլորտի լավագույն մասնագետների հետ ծանոթանալու, թատրոն-համակարգի ամբողջական կառուցվածքը պատկերացնելու աննախադեպ հնարավորություն է ընձեռում։ Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին։ Համավարակի ժամանակ ծրագիրն ունեցել է երկու առցանց փուլ։ 2021 թվականին ծրագիրը թեմատիկ հենք է ընտրել դերասանի վարպետությունը։

  • Կիսվել: