հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Մեկնարկում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Մեկնարկում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի մեկնարկի մասին: 

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթի նպատակներն են`

  • զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը.
  • ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում.
  • խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամ:

Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք՝

  • կունենան կիրառական նշանակություն.
  • ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը.
  • գաղափարը պետք է ունենա հանրային մասնակցության բաղադրիչ:

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝

  • հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից.
  • փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով.
  • մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ (մասնավորապես՝ մաթեմատիկա, ֆիզիկա, մեխանիկա, աստղագիտություն, էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա).
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն (մասնավորապես՝ ռոբոտատեխնիկական համակարգեր).
  3. Մանկավարժական տեխնոլոգիաներ (մասնավորապես՝ մանկավարժական, պատմական, բանասիրական և հոգեբանական գիտություններ).
  4. Ռազմական անվտանգության համակարգեր, (մասնավորապես՝ ռազմական, տեխնիկական գիտություններ).
  5. Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ (մասնավորապես՝ կենսաբանական, գյուղատնտեսական, քիմիական գիտություններ, վերականգնվող և այլընտրանքային էներգետիկա, նյութագիտություն):

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ համաձայն ներկայացված ձևաչափի:

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են 2024 թվականի մայիսի 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 10-ը ներառյալ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 642 և 010 599 643 հեռախոսահամարով

  • Կիսվել: