հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեկնարկել է «Տարեցների ներուժը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս» ծրագիրը

Մեկնարկել է «Տարեցների ներուժը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ նախաձեռնությամբ մեկնարկել է «Տարեցների ներուժը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության միջոցով տարեցների ներուժի բացահայտումը, նրանց շարունակական (ցկյանս) կրթության ապահովումը և երիտասարդ սերնդին փորձի փոխանցումը։

Մասնակիցները ձեռարվեստի փորձառու վարպետի ուղղորդմամբ մասնակցում են ասեղնագործության, կարպետագործության և տիկնիկագործության ուսուցման դասընթացներին` ոչ միայն սովորելով, այլև կանանց ձեռարվեստի մասին իրենց փորձն ու գիտելիքները ներդնելով։ Արդյունքում` առանձին հանդիպումների շրջանակում տարեցները յուրացրած նոր հմտությունները կփոխանցեն երիտասարդներին՝ ապահովելով սերունդների կապը, առողջ հաղորդակցումը և մշակութային արժեքների փոխանցումը։

Ծրագրի իրականացումը նպաստավոր է ոչ միայն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման, այլև տարեցների մտավոր և ֆիզիկական առողջության` հիշողության, կոգնիտիվ ֆունկցիաների բարելավման, կոորդինացիայի, շարժողական հմտությունների պահպանման և զարգացման առումով:

  • Կիսվել: