Մեկնարկել է 3-րդ հայագիտական միջազգային կոնգրեսը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 22-24-ը Մատենադարանում կանցկացվի 3-րդ հայագիտական միջազգային կոնգրեսը՝ նվիրված Մխիթարյան միաբանության հիմնադիր, նշանավոր հոգևորական, գիտնական Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Կոնգրեսին մասնակցում են աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետներ։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:
Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտին: Միջոցառման հանդիսավոր մեկնարկը տրվել է Վաչե Շարաֆյանի հեղինակած «Հայաստան» երգով, որը կատարել է «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Երգը, որն այսուհետև կուղեկցի Մատենադարանի պաշտոնական արարողությունները, կառույցին է ընծայաբերվել 3-րդ հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում կարևորել է հայագիտության կարևոր խնդիրների շուրջ քննարկումներն ու ինստիտուցիոնալ աշխատանքները, որոնցից է նաև հայագիտական միջազգային կոնգրեսի կազմակերպումը։
Հիշեցնելով, որ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում հոգևոր ժառանգության պահպանման հարցերը բարձրացվել էին առաջին կոնգրեսի ժամանակ, որից հետո ձեռագրական կենտրոնների խնդիրները գույքագրվել են, քննարկվել են լուծումները՝ նախարարը շեշտել է, որ կոնգրեսը հայագիտության զարգացման գործուն հարթակ է դարձել։
«Երեք տարվա փորձառությունը բավարար հիմք է՝ խոսելու հայագիտության ոլորտում ավելի ինստիտուցիոնալ մոտեցումների ամրագրման և հետևողական աշխատանքի իրականացման մասին։
Նախորդ տարի ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որի կարևորագույն ուղղություններից մեկը հայագիտության զարգացման խթանումն է։ Այս տարվա հունվարին, հաստատված գիտության ոլորտի զարգացման ռազմավարությամբ՝ հայագիտությունը նույնպես շեշտադրված է որպես Կառավարության համար առաջնահերթ դիտարկվող ոլորտ։ Հայագիտությունը մեզ համար ունի նաև էմոցիոնալ և պատմական բովանդակություն, սակայն մենք այս հարթակում պետք է կարևորենք գիտական մոտեցումները՝ հայագիտության զարգացման հիմքում դնելով միջազգային ամենաբարձր չափանիշներով գիտական հետազոտությունների իրականացումը»,- ասել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ կոնգրեսի մասնակիցները բարձր պատասխանատվությամբ և հանձնառությամբ են մոտենում ոլորտի զարգացմանը։
Նրա նշմամբ՝ կոնգրեսում արձանագրված խնդիրները պետք շարունակություն ունենան բուհերում, հասնեն լսարաններ՝ դառնալով ուսումնասիրության նյութ երիտասարդ հետազոտողների համար։ Այս գործընթացը, ըստ նախարարի, պետք է տեղի ունենա նաև Հայաստանից դուրս գործող հայագիտական կենտրոններում՝ բոլորին համախմբելով միասնական նպատակի շուրջ, որին պետությունը հանձնառու է աջակցել։
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնագիտական թիմին՝ հայագիտական միջազգային կոնգրեսի կազմակերպման համար, ինչպես նաև ԵՄ պատվիրակությանը և Իտալիայի դեսպանությանը, հայկական հոգևոր ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներին՝ աջակցության և մասնակցության համար։
«Հայագիտական համայնքը ընդլայնվում և զարգանում է, որը ևս կոնգրեսի ձեռքբերումներից է։ Ուրախ եմ, որ հայագիտության առաջմղման գործում միասին ենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն առանձնակի շեշտել է այն հանգամանքը, որ 3-րդ հայագիտական միջազգային կոնգրեսը նվիրված է Մխիթար Սեբաստացու 350-ամյակին, որը մեծ մտածողի թողած ժառանգությունը վերարժևորելու հավելյալ առիթ է․ «Հոբելյանն իր ճշմարիտ իմաստով անցյալի հիշատակության և մեծարման առիթ չէ միայն, այլ՝ յուրատեսակ ինքնաքննություն. արդյոք կարողացե՞լ ենք մեր գրավոր գանձարանին հաղորդել գիտական լիարժեք իմաստավորում, դարձնել համաշխարհային ակադեմիական շրջանառության բաղկացուցիչ, լայնորեն հասանելի մարդկությանը և ապահովել նրա պահպանության ու վերականգնման այնպիսի մակարդակ, որն արժանի է այդ բացառիկ ժառանգությանը: Մեր խորին համոզմամբ մենք պարտք ենք մեր մեծագործ նախնիներին: Կարծում եմ, որ այս հոբելյանն առիթ է ևս մեկ անգամ կարևորելու հայերեն ձեռագրական հավաքածուների պահպանման ու հանրահռչակման ռազմավարության մշակման, դրա շուրջ պետական օղակների, մասնավոր հատվածի, հոգևոր հայրերի ու գիտնականների համախմբվածության ու միասնական հանձնառության հրամայականը»:
Մատենադարանի տնօրենը երախտագիտությամբ ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը Մատենադարանին է վստահել հայագիտական կոնգրեսի համակարգման պետական առաքելությունը և աջակցել այս կարևոր ծրագրին հատուկ կարգավիճակ տալու հարցում։
Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում Մատենադարանի գիտական մասնաշենքում բացվել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հատուկ ցուցադրություն: Մատենադարանի թանգարանում նախատեսվում է նաև «1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումները» խորագրով ցուցադրությունը: Կանցկացվի նաև գրքատոն, որի ընթացքում կներկայացվեն հայագիտական նոր հրատարակությունները և Մատենադարանի հրատարակչական նորույթները:
Հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակն ընդգրկված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2026 թվականի հոբելյանական ծրագրերի ցանկում։




