«Մեդլայն» բժշկական կենտրոնի 10 բժիշկ ձերբակալվել է
Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր՝ օրվա ընթացքում, քննչական գործի շրջանակներում ձերբակալել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի մի քանի բժշկի:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խոսքը շուրջ 10 բժշկի մասին է։
«Անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն»,- հավելել են կառույցից:
Հիշեցնենք՝ այս գործով կալանքի տակ են նույն հիվանդանոցի տնօրեն Բաբկեն Շահումյանը, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիոմնյանը։
Հիշեցնենք նաև՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։
Առողջապահության նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանը, նախարարի հրամանով պատասխանատու լինելով վերը նշված ծրագրի ֆինանսավորման համակարգման համար, հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի և խմբի անդամների նկատմամբ, որի հետևանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերություն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ և չեն արձանագրել այդ անհամապատասխանությունները:
Գ. Սիմոնյանի հիշյալ գործողությունների արդյունքում «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն հնարավորություն է ստացել նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:


