հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մայրաքաղաքում 1 շաբաթում օդակաթիլային վարակի 316 դեպք է գրանցվել. շտապօգնության կանչերի թիվը՝ 5433-ն է

Մայրաքաղաքում 1 շաբաթում օդակաթիլային վարակի 316 դեպք է գրանցվել. շտապօգնության կանչերի թիվը՝ 5433-ն է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեցին, որ անցած շաբաթվա ընթացքում իրականացված խմելու ջրի լաբորատոր հետազոտության արդյունքում շեղումներ չեն արձանագրվել: Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի բնակիչների շրջանում արձանագրվել է աղիքային վարակի՝ 29, օդակաթիլային վարակի 316, մանկական վնասվածքների՝ 45, մակաբուժային հիվանդությունների՝ 8 և քիմիական թունավորումների՝ 17 դեպք:

Շտապբուժօգնության ծառայությունից Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեցին, որ շտապօգնության կանչերի ընդհանուր թիվը վերջին շաբաթվա ընթացքում 5433-ն է եղել: Հիվանդանոց է տեղափոխվել 1078 հիվանդ: Մանկական կանչերի թիվը 554, հիվանդանոց է տեղափոխվել 157 երեխա:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկացրեցին, որ նախորդ շաբաթվա ընթացքում տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարին գրանցվել է 7 ահազանգ, որոնք վերաբերել են սննդամթերքի պահման պայմաններին և մակնշման խնդիրներին: Բոլոր ահազանգերի մասով իրականացվել են վերահսկողական աշխատանքներ:

  • Կիսվել: