կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Մայր տաճարի վերաօծմանը հրավիրել ենք իշխանությանը, միայն ԱԺ նախագահից ենք պատասխան ստացել, որ չի մասնակցի. Արշակ Սրբազան

Մայր տաճարի վերաօծմանը հրավիրել ենք իշխանությանը, միայն ԱԺ նախագահից ենք պատասխան ստացել, որ չի մասնակցի. Արշակ Սրբազան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հրավեր ուղարկվել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մասնակցելու Մյուռոնօրհնության ու Մայր տաճարի վերաօծման արարողություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Այս պահի դրությամբ սպառիչ պատասխաններ չունենք: Միայն ԱԺ նախագահի կողմից սպառիչ պատասխան է տրվել, որ չի մասնակցելու:

Ինչո՞ւ ենք հրավիրել. Մեզ մոտ էլ տարակույսներ եղել են իշխանություններին հրավիրել-չհրավիրելու հետ կապված՝ պայմանավորված Եկեղեցու եւ իշխանությունների  հարաբերությունների ներկա նյութով: Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը իշխանություններին հրավիրելու նպատակահարմարության խնդիրը քննարկվել է Եկեղեցում ամենաբարձր մակարդակով՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը վերջնական եզրակացության է եկել, որ այո, հրավերները պետք է ուղղվեն:

Ինչպես համատեղել  Եկեղեցու դիրքորոշումները իշխանություններին հրաժարվելու հորդոր ուղղելու եւ միաժամանակ հրավեր ուղղելու: Ես կարծում եմ՝ այս հարցերը հստակ պետք է տարանջատվեն: Միջոցառումներին, համազգային արարողություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այն իմաստով,որ Եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից եւ ամբողջական լոյալություն է դրսեւորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրված է իշխանությունների կողմից: Եկեղեցին շարունակելու է իր մտահոգություններն ու դիրքորոշումներն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնվի»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ մեկնում է Կանադա ու, ցավոք, չի կարող մասնակցել արարողություններին։

  • Կիսվել: