Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ծաղկազարդի տոնախմբությանը կատարվել է մանուկների օրհնության կարգ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 13-ին տոնախմբել է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր։
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռից, այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Սուրբ Տաճարի շրջափակում տեղի է ունեցել Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:
«Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված բազում մանուկների՝ նրանց ընծայելով խաչեր, իսկ հավատավոր ժողովրդին բաշխվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:
Հոգենորոգ տոնի կապակցությամբ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Վարդան Սրբազանը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց, որ Ծաղկազարդով ավարտվում է Մեծ Պահքը և սկսվում Ավագ շաբաթվա տնօրինական խորհուրդները։
Անդրադառնալով Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հրաշափառ մուտքի ժամանակ հրեաների և ներկա բոլոր ուխտավորների սպասումներին՝ Պատարագիչ Սրբազանը նշեց․ «Քրիստոս մեզ սովորեցրեց, որ մենք ոչ միայն ուրախության, երջանկության, հաջողության ժամանակ օրհնենք Աստծուն, այլև մեր կյանքում պատահած դժվարության և փորձության պահերին։
Հիսուս մեզ ուսուցանեց, որ Տերը ցանկանում է մտնել մեր կյանք և թակում է յուրաքանչյուրիս սրտի դուռը, իսկ մեզ մնում է բացել այդ դուռը՝ Քրիստոսին ընդունելով իբրև մեր կյանքի վերափոխման աղբյուր, որպես մեր կյանքում երջանկության, համերաշխության և խաղաղության կերտողի»։
Վերջում Վարդան Սրբազանը, դիմելով ներկաներին, հորդորեց Քրիստոսով նորոգվել ու ծաղկազարդվել՝ պատրաստ լինելով Տիրոջ փառահեղ գալստյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ, վերստին կատարվել է մանուկների օրհնության կարգ։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1217028