կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մարտի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
 
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գոհունակությամբ ընդգծելով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցությունը ԳՀԽ-ին:
 
Նորին Սրբությունը, իր գնահատանքը հայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայության համար, հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։
 
Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական ու Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր:
 
Քննարկման առարկա կդառնան hայրենական կյանքի արտաքին և ներքին մարտահրավերները, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների և Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական խնդիրները:
 
Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2024 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:
 

  • Կիսվել: