Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Արարատյան և Հերացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ա. Պ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն:Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ:Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալբերտ Պիրոյեվն ու կրտսեր պարեկ Մարատ Մանուկյանը:
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Վեոլիա ջուր» ընկերության հաշվեկշռում, վարորդն էլ աշխատում է նշված ընկերությունում: