ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
 «Մարսագնացները» Հայաստանի լեռներում վարժանքներ կանցկացնեն

«Մարսագնացները» Հայաստանի լեռներում վարժանքներ կանցկացնեն

Ավստրիական տիեզերական ֆորումը Հայաստանն ընտրել է որպես հյուրընկալող երկիր` դեպի Մարս առաքելության մոդելավորման համար։ AMADEE24 վարժանքները կանցկացվեն 2024 թվականի մարտին։ Այս մասին հայտնում է armradio.am-ը։

«Սա մեր 14-րդ մոդելավորումն է»,- չորեքշաբթի Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ֆորումի տնօրեն Գերնոտ Գրյոմերը` հաղորդում է Futurezone-ն:

Նման առաքելություններն օգնում են փորձարկել նյութերը, վերլուծել համակարգի թերությունները և գտնել լուծումներ:

Ընթացքում հայտնաբերված յուրաքանչյուր վրիպակ նշանակում է պակաս խոցելիություն տիեզերքում, որտեղ այն կարող է վտանգավոր լինել կյանքի համար: Հայաստանում մարզումները տեղի կունենան բարձրադիր ժայռոտ վայրերում, որոնք նման են Մարսի ռելիեֆին։

«Հայաստանը Կարմիր մոլորակի երկրաբանական երկվորյակն է»,- ասում է Գրյոմերը:

Առաքելության անձնակազմն արդեն ընտրվել է. մոդելավորմանը կմասնակցեն երկու կին և չորս տղամարդ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից։ Գերմանացի Անիկա Մեհլիսը կլինի առաջին կինը, որը կգլխավորի առաքելությունը:

«Մեկ ամսով Հայաստանը լինելու է Մարսի հետազոտությունների կենտրոնը»,-նշել է Գրյոմերը։ Նա ակնկալում է, որ ավելի քան 250 միջազգային հետազոտողներ գիտական աջակցություն կցուցաբերեն առաքելությանը: «Որքանով ես գիտեմ, դա կլինի տարվա ամենամեծ և ամենաբարդ վարժանքը»,-ասել է 48-ամյա մասնագետը:

Նման վարժանքները արդյունավետ գործիք են հետախուզական առաքելությունների մշակման համար: Դրանք օգնում են հասկանալ դեպի Մարս ապագա առաքելությունների առավելություններն ու սահմանափակումները։

Փորձարկման վայրերն ընտրվում են Մարսի հետ երկրաբանական և տեղագրական նմանությամբ: Հաշվի է առնվում մի քանի գործոն՝ որոշելու, թե արդյո՞ք տարածքը հարմար է Երկրի վրա Մարսի առաքելությունների փորձարկման համար: Առաջին հերթին պետք է ուսումնասիրվեն տեղանքի ֆիզիկական և երկրաբանական բնութագրերը:

Հետևաբար, մինչև որոշում կայացնելը Հայաստանից հողի և նստվածքի նմուշներ են ուսումնասիրվել։

  • Կիսվել: