հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից կորոնավիրուսով հոսպիտալացվել է 33 երեխա, իրականությանը չեն համապատասխանում, մանկատանը 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ն աշխատակից և 9-ը՝ երեխա։ Այս մասին InfoPort.am-ին  հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Մարի Իզմիրլյան մանկատանը 46 հոգի թեստավորվել է։ Նրանցից 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ը աշխատակից և 9 երեխա։ Այս պահին հաստատությունից որևէ մեկը չի հոսպիտալացվել, քանի որ նրանց մոտ չկան ախտանշաններ։ Ե՛վ աշխատողները, և՛ երեխաներն իրենց լավ են զգում»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ երեկ չէ առաջին օրը դայակներից մեկի ջերմությունը բարձրացել է 37.6 աստիճան, ինչից հետո նրան անմիջապես մեկուսացրել են։

Նախարարի մամուլի խոսնակն ընդգծեց, որ այդ դայակն այժմ գտնվում է տանը, սակայն նրա թեստի պատասխանը դեռևս չկա։

«Այսինքն, վստահ չենք, ինքն է վարակման աղբյուրը եղել, թե ոչ։ Դայակի ջերմությունն այս պահին 37.4 է»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 25-ի առավոտյան տարածքն ախտահանվել է, այս պահին էլ այնտեղ համաճարակաբաններ են աշխատում, ովքեր հրավիրվել են «Արաբկիր» բժշկական համալիրից։

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը խնամք է ստանում 102 երեխա։

 
 

 

  • Կիսվել: