երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մանկապղծության դեպքերի մեծ մասն ընտանիքի ներսում է, առավել խոցելի են միակողմանի ծնողազուրկ աղջիկ երեխաները․ Դավիթ Թումասյան

Մանկապղծության դեպքերի մեծ մասն ընտանիքի ներսում է, առավել խոցելի են միակողմանի ծնողազուրկ աղջիկ երեխաները․ Դավիթ Թումասյան

Մանկապղծության դեպքերի մեծ մասն ընտանիքի ներսում է. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեխաների իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։

«Երեխայի նկատմամբ սեռական հանցագործությունները նոր երևույթ չեն, սակայն վերջին տասնամյակում դրանց թիվն էականորեն աճել է ամբողջ աշխարհում: Որքան խստացվում են օրենքները, որքան իրազեկվում են մարդիկ, այդքան ավելանում են քրեական վարույթները: Եվ դա ոչ թե նշանակում է, որ դեպքերն են ավելանում, այլ դիմելիությունն է շատացել: Ու ներկայումս բացահայտվում են տարիներ առաջ տեղի ունեցած բազմաթիվ դեպքեր: Դա կիրառելի է նաև Հայաստանի համար: ՀՀ-ում նախկինում եղել են քրեական գործեր, որոնցով տուժողների թիվը եղել է 10-ից ավելին, իսկ մյուսները տուժող չեն ճանաչվել, քանի որ նրանք արդեն չափահաս էին ու պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն էր անցել, ինչը վկայում էր բազմաթիվ երեխաների նկատմամբ տարիներով իրականացվող սեռական բռնության մասին: Ներկայումս, մեկ քրեական գործերով տուժող երեխան մեկն է, հազվադեպ՝ 2-3-ը, ինչը նշանակում է, որ բռնարարները չեն հասցնում այլ երեխաների նկատմամբ էլ կատարեն սեռական հանցագործություններ: Այնուամենայնիվ, այս հանցագործություններն ունեն շատ բարձր լատենտայնություն, ընդ որում՝ երբեմն երեխայի ընտանիքին է թաքցնում այն՝ այդկերպ փորձելով երեխային պաշտպանել հասարակական պարսավանքից կամ այլ բացասական ազդեցությունից:

Ըստ միջազգային վիճակագրության՝ երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների 80% կատարվում է երեխաներին ծանոթ անձանց կողմից (ըստ դեպքերի նվազման՝ խորթ հայր, ընկեր, ընտանիքի այլ անդամ, ընտանիքի ընկեր, խորթ մայր, քույր-եղբայր, նույն դպրոցի աշակերտ և այլն): Ավելին, յուրաքանչյուր 100-րդ տղամարդ և յուրաքանչյուր 400-րդ կին ամբողջ աշխարհում առնվազն մեկ անգամ ունեցել է սեռական հարաբերություն երեխայի հետ: Հաշմանդամություն ունեցող երեխաները 3 անգամ ավելի հաճախ են ենթարկվում սեռական բռնության, քան հաշմանդամություն չունեցող երեխաները: Մանկապղծությունը լինում է ինչպես համասեռական, այնպես էլ հետեռոսեռական, այսինքն՝ կարող են տուժել և՛ աղջիկ, և՛ տղա երեխաները՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց կողմից բռնության ենթարկվելով: Իհարկե, դեպքերի 70-80%-ում տուժում են աղջիկ երեխաների, իսկ բռնարարների 80-90%-ը տղամարդիկ են: Ընդ որում, դեպքերի մեծամասնությունը ներընտանեկան է:

Ավելին, պարտադիր չէ, որ անձն ունենա «մանկապղծություն (պեդոֆիլիա)» կամ «պատանեկամոլություն (էֆեբոֆիլիա)» ախտորոշում որպեսզի կատարի երեխայի նկատմամբ սեռական հանցագործություն: Դեպքերի մեծամասնությունը վկայում է, որ երեխաները թիրախավորվում են նրանց սոցիալ-հոգեբանական ու տարիքային առանձնահատկություններից ելնելով, քանի որ չեն հասկանում իրենց հետ կատարվածը, չեն կարողանում դիմադրել կամ չեն գիտակցում, որ պետք է դիմադրել, հոգեբանական կամ այլ կախվածություն ունեն բռնարարից, չունեն բավարար իրազեկվածություն դիմելիության կամ պաշտպանություն ստանալու վերաբերյալ: Հետևաբար, յուրաքանչյուր ծնող պետք է ուշադիր լինի իր երեխայի նկատմամբ ու կարողանա ցանկացած իրավիճակում տա օբյեկտիվ գնահատական ու ռացիոնալ լուծում: Այն, որ առավել խոցելի են միակողմանի ծնողազուրկ աղջիկ երեխաները, ում մայրերը երկրորդ անգամ ամուսնացել են կամ ունեն կողակից, փաստ է, և դեպքերի 50%-ից ավելին դրա վառ ապացույցն է: Հետևաբար, երեխայի լավագույն շահով առաջնորդվելը ցանկացած իրավիճակում առաջնային է, և երեխայի պաշտպանության հիմնական պարտականությունն ունեն ծնողները, իսկ դա չկատարելու դեպքում՝ պետությունն իր բոլոր կառուցակարգերով պետք է պաշտպանի երեխաներին (խոսքը ոչ միայն դեպքից հետո արձագանքելու, այլ հիմնականում՝ կանխարգելելու մասին է):

Հ.Գ. Կարդացեք Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան», որը գրվել է դեռ 1955թ.-ին, և հասկացեք, որ այդ Գումբերտ Գումբերտները կան նաև մեր իրականության մեջ, և նրանք պատրաստ են տարաբնույթ քայլերի՝ իրենց նպատակներին հասնելու համար»,-մանրամասնել է մասնագետը:

  • Կիսվել: