շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Մալաթիայի» աշխատակիցները գնում են ԱԻՆ՝ խնդրին լուծում գտնելու

«Մալաթիայի» աշխատակիցները գնում են ԱԻՆ՝ խնդրին լուծում գտնելու

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները գնում են ԱԻՆ պարզելու, թե ինչպես կարող են իրենց խնդրին լուծում տալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:
«Մենք երկու օր առաջ արդեն բավականին փոփոխություններ ենք արել, իրենց հանձնարարությունները կատարել ենք, կշարունակենք կատարել։ Մենք նրանց բացատրել ենք, որ 3 ամսով չենք կարա փակենք, իրենք էլ ասացին` դե առաջնային փոփոխությունները արեք ու աշխատեք։ Հիմա գնանք տեսնենք` ինչ են ասում»,– նշեց նա։ Տնօրենը նշում է, որ ամբողջությամբ ու շատ կարճ ժամկետում վերացնել բոլոր թերություններն անհնար է։
«Տեսչական մարմինը նայել է մեր տարածքն ու ասել, որ շատ հրդեհավտանգ չի, այսօր էլ նրանք պետք է պատասխանեն, թե քանի օր ժամանակ են տալիս` շտկելու այդ թերությունները»,– ասաց նա։ Տեսչական մարմնից տնօրենին զգուշացրել են, որ շենքերի տանիքների նյութը նույնպես հրդեհավտանգ է։ Տնօրենն ասում է` խոսքը բավական մեծ տարածքի մասին է, տանիքները փոխելը հեշտ գործ չէ։
«Իրենք ստիպելու իրավունք չունեն, որովհետև եթե այդպես լինի` հիմա շատ–շատ շինություններ Հայաստանում հրդեհավտանգ են, դրա համար առաջնային բաները պետք է անենք ու շարունակենք աշխատել»,– ասաց տնօրենը։
 

  • Կիսվել: