շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվել են կարևոր քայլեր

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվել են կարևոր քայլեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի ամփոփիչ քննարկմանը և եզրափակիչ նիստին:

 

Քննարկմանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Սիլվյա Մեստրոնին, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նանա Սկաուին և ծրագրում ներառված ՄԱԿ-ի գործակալությունների այլ ներկայացուցիչներ: Հանդիպմանն առցանց միացել էր ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շնորհիվ մասնավորապես ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվել են կարևոր քայլեր: Փոխնախարարն առանձնացրել է մի շարք դպրոցների համար աղետների դիմակայման պլանների մշակումը, արտակարգ իրավիճակներում գործելու և աղետների դիմակայմանն ուղղված երիտասարդների կարողությունների զարգացումը, ինչպես նաև նախադպրոցական ցանցի ընդլայնման աշխատանքները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհակալություն է հայտնել ներկաներին սերտ համագործակցության համար` նշելով, որ ՄԱԿ-ի կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացումը բարենպաստ միջավայր է ապահովում կրթության զարգացման և կրթության բովանդակության բարելավման համար:

«Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի կազմակերպիչներն իրենց հերթին կարևորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ շարունակական համագործակցությունը` շեշտելով կրթության բաղադրիչի գերակայությունը կայուն զարգացման գլոբալ օրակարգի և Հայաստանի Հանրապետությունում համայնքային խոշորացման բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում:

ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի միջոցներով, ՄԱԿ-ի 6 գործակալությունների, մասնավորապես` Զարգացման ծրագրի, Մանկական հիմնադրամի, Արդյունաբերական զարգացման, Պարենի համաշխարհային ծրագրի, Պարենի և գյուղատնտեսության, Միգրացիայի միջազգային կազմակերպությունների կողմից:

Եզրափակիչ նիստում ներկայացվել են ծրագրի արդյունքները, որոնք հիմնականում ուղղված են մարդկային անվտանգության մակարդակի բարելավմանը, մասնավորապես՝ համայնքային դիմակայունությանը, սոցիալական պաշտպանությանը, տնտեսական և պարենային անվտանգության ուժեղացմանը, ապրուստի և կայուն աշխատանքային հնարավորությունների և կարողությունների զարգացմանը:

 

Ծրագրի կառավարման խորհրդում ներգրավված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչները և ծրագիրն իրականացնող ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ անդրադառնալով մարդկային անապահովության հիմնարար պատճառներին Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի խոշորացված Ամասիա, Ալավերդի, Բերդ և Թումանյան համայնքների խոցելի բնակչության համար:

  • Կիսվել: