ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մահացել է ականավոր ատոմագետ Աշոտ Սարկիսովը

Մահացել է ականավոր ատոմագետ Աշոտ Սարկիսովը

Կյանքից հեռացել է ատոմային էներգետիկայի բնագավառում աշխարհում ամենահայտնի գիտնականներից մեկը, խորհրդային և ռուսական ատոմային ռազմածովային նավատորմի հիմնադիրներից մեկը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը: Նա 98 տարեկան էր։

Ինչպես հաղորդել է ՌԳԱ ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի ներկայացուցիչը, գիտնականի մահվան պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները:

Ակադեմիկոս Սարկիսովի կատարած տեսական և փորձարարական ուսումնասիրությունները հնարավորություն են տվել ստեղծել ջերմաէլեկտրական գեներատոր, որը ներկառուցվել է միջուկային ռեակտորի ակտիվ գոտում։ Դա էներգիայի սկզբունքորեն նոր լուռ աղբյուր էր:

Նրա աշխատանքների արդյունքները նաև թույլ են տվել ձևակերպել միջուկային ռեակտորի դինամիկ տեսությունը, ինչն իր հերթին թույլ է տվել մշակել նավերի վրա միջուկային էներգետիկական տեղակայանքների ավտոմատ վթարային պաշտպանության ստեղծման տեղեկատվական-վիճակագրական մոդելներն ու մեթոդաբանությունը: Այս մեթոդներն օգտագործվել են խորհրդային և ռուսական միջուկային սառցահատների մի քանի սերունդների, ինչպես նաև լողացող ատոմակայանների նախագծման ժամանակ։

Տարբեր տարիներին Սարկիսովը եղել է Սևաստոպոլի բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանի տնօրեն, աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտում:

Ակադեմիկոս Սարկիսովի ընկերներն ու գործընկերները նրա մահը համարել են անդառնալի կորուստ համաշխարհային և ռուսական գիտական հանրության համար։

  • Կիսվել: