շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իշխանությանը կոչ ենք անում պաշտպանել լրագրողների իրավունքները․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Իշխանությանը կոչ ենք անում պաշտպանել լրագրողների իրավունքները․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել լրագրողների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հաջորդած իրադարձությունների մասին։

«Հուլիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ եւ մասնավորապես «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գեւորգյանի ու «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի պահվածքը հեռու են մեր՝ ներքոստորագրյալ կազմակերպություններիս պատկերացումներից, թե ինչպես պետք է ընթանա պետության առաջին դեմքի՝ լրագրողների միջոցով հանրության հետ երկխոսությունը բարդագույն մարտահրավերների առջեւ կանգնած երկրում։

Իրողությունների սուբյեկտիվ մեկնաբանություններ, անհանդուրժողականության դրսեւորումներ, խնդիրների կոնկրետ եւ կառուցողական քննարկումների պակաս, աշխատանքային ժամանակի եւ միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք, մասնագիտական էթիկայի սկզբունքների արհամարհում՝ դա էր այն պատկերը, ինչի ականատեսն էին դարձել մեր հայրենակիցները հինգ ժամից ավելի։ Նման որակի միջոցառումից հետո դժվար էր խուսափել բեւեռացված, փոխադարձ ատելությամբ լի, տարբեր քաղաքական եւ լրագրողական ճամբարների միջեւ պառակտվածությունը խորացնող, որեւէ առողջ վերլուծություն չպարունակող արձագանքներից։

Այսպես՝ Անի Գեւորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի դեմ սոցիալական ցանցերում եւ առանձին լրատվամիջոցներում իրականացվեց մի ամբողջ արշավ՝ նրանց հասցեագրված հայհոյախոսությամբ, անեծքներով ու սպառնալիքներով։ Ընդ որում եւ՛ դրա պատճառ հանդիսացած «հարցերը», եւ բուն արշավի որոշակի դրսեւորումները առերեւույթ կազմակերպված բնույթ ունեին։ Սակայն մասնագիտական նորմերի նույնիսկ ակնհայտ խախտումները որեւէ մեկին իրավունք չեն տալիս պատասխանել սանձարձակությամբ, ծայրահեղ թշնամանքով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

իշխանությանը՝ կատարել իր պոզիտիվ պարտականությունը եւ պաշտպանել լրագրողների իրավունքները, ձեռնարկել պատշաճ միջոցներ օրինախախտներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,
լրագրողական համայնքի եւ հանրային հաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներին՝ տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքակիրթ մասնագիտական քննարկումներ անցկացնել՝ բացառելով փոխադարձ վիրավորանքներն ու ատելության խոսքը։ Հակառակ դեպքում բազմաբնույթ սադրանքները եւ դրանց անբարեկիրթ արձագանքները կդառնան իրար սնուցող երեւույթներ։ Այս ամենը հետին պլան կմղեն արդիական խնդիրների լուծումների շուրջ քննարկումները, վերջնականապես կանտեսվեն հանդուրժողականությունը, զսպվածությունն ու պրոֆեսիոնալ ստանդարտների նկատմամբ հարգանքը, եւ փոխարենը կշարունակվի թշնամանքի գեներացումը տեղեկատվական ոլորտում»,- ասված է հայտարարությունում։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: