երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լիազոր մարմինը կսահմանի մարդու ուղեղային կամ կենսաբանական մահից հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը

Լիազոր մարմինը կսահմանի մարդու ուղեղային կամ կենսաբանական մահից հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը

Գործադիրը հունվարի 11-ի նիստին հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով կատարվող փոփոխության շրջանակում օրենքում օգտագործվող հասկացություններում ուղեղի մահից բացի, սահմանվում է նաև կենսաբանական մահի հասկացությունը, ինչն անհրաժեշտ է որոշ օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման դեպքում:

Բացի օրենքով սահմանված կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգաններից ցանկից՝ ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին տրվում է լիազորություն՝ սահմանելու մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը:

Նախագծով վերանայվել են նաև փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները, և ամրագրվել է, որ վերջինս իրավունք ունի օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվել շարունակական (դիսպանսերային) հսկողության մեջ:

  • Կիսվել: