երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Լաթաքիայի բնակիչները զգուշանում են դուրս գալ. մանրամասներ Սիրիայում բախումների հետևանքով հայ համայնքում տիրող իրավիճակից

Լաթաքիայի բնակիչները զգուշանում են դուրս գալ. մանրամասներ Սիրիայում բախումների հետևանքով հայ համայնքում տիրող իրավիճակից

Այսօրվա դրությամբ Սիրիա ծովափնյա քաղաքներում բախումները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  հայտնեց Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ հավելելով, որ  բուն Լաթաքիա քաղաքում իրավիճակը համեմատաբար մեղմ է:«Անվտանգության ուժեր են տարածված քաղաքում և խուզարկություններ,  գործողություններ են իրականացնում վտանգավոր երևույթները կանխելու համար: Ընդհանրապես՝ քաղաքում մարդիկ զգուշություն են ցուցաբերում, տներից դուրս չեն գալիս:

Նույնն է վիճակը Տարտուսում և Բանիասում, որտեղ հայեր քիչ կան, նրանցից ոմանք տեղափոխվել են Հալեպ՝ անվտանգության նկատառումներով: Լաթաքիայում հայերը համեմատաբար մեծաթիվ են, որոնք շարունակում են մնալ իրենց տներում, չեն համարձակվում դուրս գալ, քանի որ կրակոցներ են լսվում և լարված է վիճակը, սակայն քաղաքի կենտրոնում այսօր համեմատաբար ավելի հանգիստ է»,- ասաց նա:Անդրադառնալով հայ համայնքում տիրող իրավիճակին՝ Պողիկյանը մանրամասնեց, որ երեկ՝ մարտի 8-ին, երկու հայ են զոհվել, ովքեր վերադառնում էին Լաթաքիա և կրակոցների հետևանքով սպանվել են։

Նրա խոսքով՝  ներկայում որոշակի մտահոգություններ կան՝ կապված սննդի, դեղորայքի հետ, քանի որ տեղաշարժը քաղաքում գրեթե կանգ է առել: Ժամանակ առ ժամանակ ընդհատվում է ջրամատակարարումը, բացակայում է էլեկտրամատակարարումը:

«Փակ են եկեղեցին, դպրոցները: Կրթության նախարարությունն այս երկու օրերին քաղաքում  ընդհանրապես փակ է հայտարարել դպրոցներն ու համալսարանները, մինչև իրավիճակը կմեղմանա»,- հավելեց Պողիկյանը:Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ երկրում սկսված բախումները անսպասելի չեն եղել:

Ալ-Շարաան նաև բացատրել է, որ տեղի ունեցածը սպասված խնդիրների շրջանակում է, նկատի ունենալով Լաթաքիայում տարաձայնություններ սերմանելու և շփոթություն առաջացնելու փորձերը նախկին իշխանության կողմնակիցների կողմից: Իր հերթին, Լաթաքիայի նահանգապետ Մոհամմադ Օսմանը կոչ է արել դադարեցնել, այսպես ասած, աղանդավորության հրահրումը, ընդգծելով, որ կան անձինք, ովքեր ապավինում են աղանդավորությանը և հրահրել են անցյալ հինգշաբթի ապստամբությունը սիրիական ափերի մի քանի շրջաններում, որտեղ «ալավիական աղանդավորների մեծամասնությունը սկսել է հակամարտություն և լարվածություն»:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ հինգշաբթի օրվանից ավելի քան 700 ալավի խաղաղ բնակիչ է սպանվել, իսկ բռնության հետևանքով զոհվածների ընդհանուր  թիվը հասել է 1018-ի:

  • Կիսվել: