«Lada Priora»-ն հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Դ.-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս՝ Վաղարշապատի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նարեկ Դ.-ն և ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Վահան Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներից Վահան Կ.-ն, սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայրում հավաքվածները նշել են՝ վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը: