չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
ԿԸՀ-ն Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրությունների մասնակցության, քարոզչության և հավատարմագրման կարգի մասին

ԿԸՀ-ն Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրությունների մասնակցության, քարոզչության և հավատարմագրման կարգի մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024թ. դեկտեմբերի  12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» թիվ 1951-Ն որոշումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է.

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության քվեարկությունը կանցկացվի 2025 թվականի մարտի 30-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2025 թվականի մարտի 16-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու դիմումները ներկայացվում են փետրվարի 21-ից մարտի 5-ը մինչև 18։00-ն։

Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով հրապարակում են
մինչև փետրվարի 25-ը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչև 2025 թվականի մարտի 5-ը, (ժամը 18:00-ն): Գրանցումն իրականացվում է 2025 թվականի մարտի 5-ից մինչև մարտի 10-ը, ժամը 18:00-ն:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է մինչև մարտի 2-ը։

Հավատարմագրման վերաբերյալ դիմումները ԶԼՄ-ները և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են փետրվարի 20-ից մարտի 20-ը։

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

  • Կիսվել: