հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կյանքից հեռացել է ՀԱՕԿ նախկին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը

Կյանքից հեռացել է ՀԱՕԿ նախկին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը

80 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախկին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախկին նախագահ, նշանավոր մարզական գործիչ Ռազմիկ Ստեփանյանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

«Հայոց մարզաշխարհի մարդիկ նրան ճանաչում են որպես հրաշալի ընկերոջ, քաղաքացու և նշանավոր մարզական գործչի:

Շնորհալի ըմբիշ էր, Հայաստանի, ԽՍՀՄ և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր: Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո համալրել է հունահռոմեական ըմբշամարտի մարզիչների շարքը:

Կազմակերպչական հմտությունների շնորհիվ տարբեր պաշտոններ է վարել հարազատ «Սպարտակ» ԿՄԸ հանրապետական խորհրդում, դարձել կազմակերպության նախագահ, ապա միավորված հանրապետական հինգ ԿՄԸ-ների՝ «Հայաստան» մարզական միության փոխնախագահ և նախագահ:

Շուրջ երկու տասնամյակ զուգահեռաբար եղել է ՀԱՕԿ-ի փոխնախագահ: Անվանի մարզական գործիչը նպաստել է երկրում ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացման ու զարգացման գործին, որի համար արժանացել է տասնյակ պարգևների և կոչումների:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ցավակցում է մարզաշխարհի երախտավորի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին: Նրա հիշատակը վառ կմնա ճանաչողների հիշողությունում»,- նշված է ՀԱՕԿ-ի լրատվականում:

  • Կիսվել: