ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Կսահմանվեն պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները

Կսահմանվեն պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները

Ամբողջությամբ կկանոնակարգվի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառի իրավական դաշտը: Այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը` հավելելով, որ օրենսդրական փաթեթը միաժամանակ կնպաստի պատմության և մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես նպաստելով համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությանը, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը:

««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձան պետական ցուցակում ընդգրկելու կարգը:

Փոխնախարարի խոսքով՝ նախագծով ամրագրվում է, որ հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունն այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Առաջարկվում է նաև ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ: Միաժամանակ, պատմամշակութային անշարժ ժառանգության օրենսդրության կատարելագործումը միտված է գործող օրենքը համապատասխանեցնելու բնագավառի միջազգային կոնվենցիաների պահանջներին և չափանիշներին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգծելով, որ պայմանավորվածություն ունեն ընդդիմադիր գործընկերների հետ օրենքի նախագիծը խորքային ուսումնասիրելու և մինչև երկրորդ ընթերցում` այն էլ ավելի կատարելագործելու:

  • Կիսվել: