երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորի բժիշկները պայքարում են հրազենային վնասվածքներ ստացած երկու կանանց կյանքի համար

Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորի բժիշկները պայքարում են հրազենային վնասվածքներ ստացած երկու կանանց կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։

Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները կանայք են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։ Նրանցից մեկը 24 տարեկան է, մյուսը ՝ 34:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վնասվածքներ ստացել և որտեղ են տեղի ունեցել կրակոցները։

Վարկածներից մեկի համաձայն հնարավոր է այն կապ ունենա օգոստոսի 31-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների հետ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վիրավոր կանանց ինքնությունը և թե արդյոք բացի նրանցից այլ վիրավորներ կան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 31-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող սգո սրահի մոտ կրակոցներ են հնչել: Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը: Ժամանել էին նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վահան Այվազյանի, Հայարփի Սահակյանի և Գագիկ Սաֆարյանի գլխավորութամբ։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին տարբեր տեսակի հրազեններից կրակված 9 պարկուճ ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ  էր ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է բերվել իրենց մոտ:Հիվանդանոց մեկնած ոստկանության Բազումի բաժնի օպերատիվ խմբին բժիշկները հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու:

  • Կիսվել: