ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոտայքի մարզի Նոր Հաճնի պոլիկլինիկայում ներդրված է բժշկական առաջնային ծառայությունների որակի և անվտանգության ապահովման ամբողջական կառավարման համակարգ

Կոտայքի մարզի Նոր Հաճնի պոլիկլինիկայում ներդրված է բժշկական առաջնային ծառայությունների որակի և անվտանգության ապահովման ամբողջական կառավարման համակարգ

Կոտայքի մարզի Նոր Հաճնի պոլիկլինիկայում ներդրված է բժշկական առաջնային ծառայությունների որակի և անվտանգության ապահովման ամբողջական կառավարման համակարգ: Այստեղ կարևորում են և որակը, և մատչելիությունը ու հասանելիությունը և պացիենտներին հասցեական վերաբերմունքը:  

Տնօրեն Մարինե Արզումանյանը, ով անցած տարվա դեկտեմբերից զբաղեցնում էր նույն բուժհաստատության փոխտնօրենի պաշտոնը InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է, որ մեծ հաճույքով, հպարտությամբ ու բարձր պատասխանատվությամբ է ստանձնել պաշտոնը:

-Տիկին Արզումանյան, առհասարակ հասարակության շրջանում առաջնային օղակի բուժհաստատությունները, որպես կանոն, մեծ վստահություն չեն վայելում, ինչո՞վ եք դա պայմանավորում, և Դուք արդեն, որպես պոլիկլինիկայի տնօրեն, ի՞նչ եք անում, որպեսզի կոտրեք այդ կարծրատիպը:

-Ես մինչև փոխտնօրեն, տնօրեն աշխատելը աշխատել եմ, որպես էնդոկրինոլոգ, որպես պոլիկլինիկայի բժիշկ: Աշխատել եմ Երևանում մոտ տաս տարի, որից հետո տեղափոխվել եմ Նոր Հաճն: Չեմ կարող համաձայնվել այն մտքի հետ, որ պոլիկլինիկայի բժիշկները մասնագիտական առումով թույլ են, որովհետև առաջին օգնությունը, առաջին բուժումը, հիվանդության ախտորոշումը ամբողջությամբ պոլիկլինիկայի բժիշկների վրա է: Կոնկրետ մեր պոլիկլինիկյում մասնագիտական որակավորումը լավ հիմքերի վրա է դրված:

Մասնավորապես, վերջին մեկ տարում մենք պոլիկլինիկան համալրեցին որակյալ նեղ մասնագետներով, ինչը հատկապես մարզային ամբուլատորիաների համար լուրջ խնդիր է: Օրինակ` «Շտապօգնության ծառայության» մեր ֆելդշերական բրիգադը փոխարինեցինք պրոֆեսիոնալ բժշկական բրիգադով: Պետք է նշեմ նաև, որ մեր նեղ մասնագետները համատեղում են աշխատանքը Երևանի խոշոր բուժհաստատությունների հետ։ Այսինքն՝ մեր բնակչությունը կարիք չի ունենում ավելորդ անգամ հասնելու Երևան: Բոլոր խորհրդատվություններն ու առաջնային բուժումները կատարվում են տեղում:

-Այսինքն՝ պոլիկլինիկան համալրված է պրոֆեսիոնալ մասնագետներո՞վ:

-Այո, պրոֆեսիոնալ, սրտացավ ու իրենց գործին նվիրված մասնագետներով:

 -Խոսենք մատուցվող ծառայությունների մասին...

 -Մեզ մոտ իրականացվում են բոլոր այն հետազոտությունները, որոնք նախատեսված են   առաջնային բուժսպասարկում ապահովող օղակների համար: Վերջին մեկ տարում մենք ձեռք ենք բերել նաև դժվարամատչելի հետազոտությունների համար նախատեսված սարքեր, անում ենք բիոքիմիական հետազոտություններ, արյան կլինիկական հետազոտություններ: Շուտով կսկսենք իրականացնել բոլոր տիպի հորմոնալ հետազոտությունները: Ունենք ախտորոշիչ բաժին, ռենտգեն ծառայություն, ֆլյուրգրաֆիկ, սոնոգրաֆիկ և էլեկտրոսրտագրության կաբինետներ: Մոտ տասներեք հազար բնակչության ենք սպասարկում: 

  - Տիկին Արզումանյան, բուժհաստատությունում ծագած խնդիրների լուծման հարցում  զգու՞մ եք պետական/մարզային իշխանությունների աջակցությունը: 

-Վստահ կարող եմ ասել, որ ամուր թիկունք ունենք ի դեմս պետության,: Օրինակ մարզպետ Սահակյնաը հաճախակի այցեր է կատարում մարզային բուժհաստատություններ, որպեսզի տեղում ծանոթանա առկա խնդիրներին ու դրանց տա ավելի արագ և պրագմատիկ լուծումներ: Բացի այդ մարզպետարանում պարբերաբար անց են կացվում խորհրդակցություններ և բարձրացվող հարցերը արագ լուծում են ստանում: Պետք է խոստովանեմ, որ մեր իրագործած ծրագրերը և ապագայի հետ կապված պլանները առանց մարզային իշխանությունների գործուն աջակցության իրականանալի չէին լինի:

Կարևոր ձեռքբերումներից է, որ պոլիկլինիկան մտել է ԾԻԳ-ի ծրագրի մեջ: Այսիքն՝ առաջիկայում պոլիկլինիկայի շենքի հիմնովին կվերանորոգվի, նոր կահույք, տեխնիկա, սարքավորումներ ձեռք կբերվեն: Բացի այդ դիմել ենք ՄԱԿ-ի զարգացման «Կայուն համայնքներ ծրագրին» աջակցության համար և արդեն ունենք դրական արձագանք:

Կարևոր ձեռքբերումների շարքից է նաև այն, որ այս տարի տեղադրել ենք արևային էլեկտրոէներգիայի համակարգերը: Շուտով կտեղադրվի նաև ժամանակակից ջեռուցման համակարգ:

  • Կիսվել: