Կոտայքի մարզի 31-ամյա բնակիչը Volkswagen-ով Չարենցավան քաղաքում դուրս է եկել երթեևեկելի գոտուց և ընկել ձորակը
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Այդ օրը, ժամը 14։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Վահան Ս-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքում՝ ժողովրդին հայտնի «Սերվիսի խաչմերուկում» դուրս է եկել երթեևեկելի գոտուց և ընկել ճամփեզրին առկա ձորակը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Հ. Հ-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Չարենցավան» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


